«Մի պահ պատկերացրեք, որ չեք կարող քայլել, տեսնել, լսել գնալ ռեստորան, անել այն բաները, որն անում եք ամեն օր՝ արթնանալով: Այդ ժամանակ կիմանայիք ինչքան կարեւոր է ունենալ իրավահենք օրենք»,-խոսքն ուղղելով պաշտոնյաներին ասաց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչ Կարինե Գրիգորյանը:
Նրա խոսքով, տարիներ ի վեր հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդիկ անմատչելի միջավայրի պատճառով չեն կարողանում օգտվել հասարակական կյանքից: Ըստ նրա, այս պահին Ազգային ժողովում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման» մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ անցել է:
Այսօր տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն եւ սոցիալական ներառում. Հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» թեմայով միջոցառումը, որին ներկա էր նաեւ Ջոն Վոդաչը, որը 42 տարի ԱՄՆ-ում արդարադատության բաժնում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքների իրացման պատասխանատուն է եղել:
Պարոն Վուդաչը մեր պաշտոնյաներին մանրամասն բացատրեց, թե ինչու պետք է շենք-շինությունները հարմարեցված լինեն, նաեւ ասաց, որ շինարարությունը մատչելի դարձնելը շատ քիչ գումար է պահանջում եւ ամբողջ շինարարության ծավալների 1%-ի կեսն է կազմում, որ հարմարեցված շինությունը ծախսարդյունավետ է:
Շինարարության պատասխանատուներին էլ հորդորեց շահագործման փաստաթղթերը ստորագրելուց առաջ համոզվել, որ տվյալ կառույցը մատչելի է: Ջոն Վոդաչի խոսքով, մատչելի միջավայրից օգտվում են նաեւ երեխաների հետ սայլակով դուրս եկող կանայք, մեծահասակները:
Միջոցառմանը ներկա ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Եվրոպայում եւ Եվրոպայի հետ սերտ հարաբերություն ունեցող երկրների հասարակություններում չեն կարող լինել որեւէ երկրորդ կարգի քաղաքացիներ: Նրա խոսքով, հասարակության 15 տոկոսը հատուկ կարիքներով մարդիկ են, որոնց իրավունքները պետք է հարգվեն եւ կարեւոր է օրենքի կիրարկումը:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի քաղաքականության պատասխանատու Մուշեղ Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մի օրենքի մշակման փուլում մի շարք առաջարկություններ են արել կառավարությանը, որից մի մասը չի ընդունվել: Օրինակ՝ կառավարությունը մերժել է այն, որ հասարակական բոլոր ավտոբուսները հարմարեցված լինեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն էլ ասաց, որ ծրագրի մշտադիտարկումը ՄԻՊ-ն է իրականացնելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ