Այսօր կառավարության շենքի մոտ «Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիները բողոքի ցույց էին անում:
Այս կոոպերատիվից տուժածներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ դատական ատյաններում էլ չեն կարողանում արդարության հասնել:
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ «Նորաշեն 2007» կոոպերատիվին մեծ գումարներ են վճարել՝ բնակարաններ ձեռք բերելու համար, եւ հենց այս ընկերություն է կառուցապատողը: Հետո շենքը «Նորաշեն 2007»-ը բնակարանները գրավադրել է անհատներին ու դրանց դիմաց գումար ստացել, իսկ շինարարությունն այդպես էլ չի ավարտել: Կիսակառույց շենքի բնակիչների գործերը դատարանում է, սակայն, ինչպես բողոքի ցույցի մասնակիցներն Aravot.am-ին վստահեցրին՝ դատարանը վաշխառուների օգտին է գործը տանում:
«Մեր բնակարանները հենց այդ վաշխառուների մոտ է գրավադրված: Քանի տարի է պայքարում ենք, ու ոչ մի արդյունք»,-ասաց այս կոոպերատիվից տուժած եւ ցույցի մասնակից Արուս Վանյանը: Նրա պատմելով՝ այդ վաշխառուները, որոնք իրենց բնակարանների միջոցով կեղծ գործարքներ են արել, դատարանում մաքուր դուրս եկան, թեեւ բնակիչները բազմաթիվ փաստեր էին ներկայացրել դատարանին:
Ցուցարարներն ասացին, որ իրենց նշած վաշխառուները բարձր պաշտոններ են զբաղեցնում, եւ սա է պատճառը, որ դատարանը նրանց օգտին է որոշում կայացնում: «Այդ վաշխառուներն են Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Բեգլարյանը, Արսեն Ավագյանը, Գագիկ Առաքելյանը՝ Ազգային անվտանգությունից: Վճռի մեջ էդ մարդուն էնպես են մաքրել, ցուցմունքները լսել ենք, շատերեն են ցուցմունք տվել, բոլոր փաստերն ու ցուցմունքները խոսում են իր կեղծ գործարքի մասին, բայց դատարանում դարձավ բարեխիղճ գնորդ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արուս Վանյանն ասաց, որ դատական ատյաններում գործերն անհիմն ձգձգում են. «Ու էնպես են արել, որ մեզ Եվրադատարան դիմելուց էլ են զրկում: Այս թալանի կազմակերպողները հենց ղեկավարներն են, դրա համար էլ գործը վաշխառուների օգտին է գնում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ