ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2018 թվականի փետրվարի 8-ին հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է:
«Ճանապարհային երթևեկության կանոնների» դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից:
Համաձայն ԿԳ նախարարի հրամանով հաստատված ծրագրի՝ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:
«Ճանապարհային երթևեկության կանոնների» ուսուցման դասընթացի ներդրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու ոլորտի մյուս պատասխանատուներն աշխատանքային հանդիպում են ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ: ՃՈ ծառայության ղեկավար Եգոր Կարապետյանը ներկայացրել է 2016-17 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց անչափահասների մասնակցությամբ ՃՏ պատահարների թիվն աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։ ԿԳՆ ներկայացուցիչները նշել են, որ երթևեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգիչ վիճակագրությունը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին, դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ նոր նախաձեռնությունը կարող է նպաստել դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն