Կիևի կենտրոնում ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը որոշում է կայացրել զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն տվել նրա ձերբակալությանը, հաղորդում է BBC-ն:
Սավչենկոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Սավչենկոյի ձերբակալությանը կողմ է քվեարկել 268, դեմ՝ 10 պատգամավոր, 6 խորհրդարանական ձեռնպահ է մնացել, իսկ 55-ը քվեարկությանը չեն մասնակցել:
Խափանման միջոցի ընտրության որոշումը պետք է կայացնի դատարանը: Ակնկալվում է, որ այդ որոշումը կկայացվի 3 օրվա ընթացքում:
Սավչենկոն մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Գլխավոր դատախազության նախապատրաստած տեքստից երևում է, որ նա պատրաստվում էր իրականացնել պետական հեղաշրջում և զավթել երկրում իշխանությունը, մահափորձ է պատրաստել նախագահի, պատգամավորների և կառավարության անդամների դեմ, ահաբեկչություն է ծրագրել իրականացնել Գերագույն ռադայում:
Բացի այդ, Սավչենկոն մեղադրվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանն աջակցելու մեջ, որը Ուկրաինայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև զենքի և զինամթերքի անօրինական շրջանառության մեջ:
Ինքը՝ Սավչենկոն, խոստովանել է, որ Դոնբասից զենք է դուրս բերել և գծագրել է Կիևում կառավարական թաղամասի ոչնչացման սխեման, բայց հայտարարել է, որ այդ ամենը «սյուրռեալիզմ է և քաղաքական սադրանք», իսկ իր հիմնական նպատակն է եղել «ցույց տալ իշխանություններին, որ իրենք էլ են մահկանացու»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ