Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրանց շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց այս գործով դատավոր Աննա Դանիբեկյանին:
Հիշեցնենք՝ Վանոյանն ու Արաբաջյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: (Սարի թաղում ջուր, տրանսպորտ ու գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել(տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու: Այս գործով մեղադրյալներ են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ):
Դատավորին բացարկ հայտնելու պատճառն այն էր, որ այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր ոստիկան Վահան Կարագյոզովը, սակայն Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց նրան չհարցաքննել, քանի որ նա ներկա է եղել այս գործով մյուս դատական նիստերին, իսկ օրենքն արգելում է, որպեսզի վկան լսի մյուս վկաների ցուցմունքները:
Դատավորը, սակայն, որոշեց, որ Կարագյոզովը պետք է հարցաքննվի: «Հասկանում եմ, որ գուցե դուք ցուցում եք ստացել, որ այս մարդիկ պետք է անպայման պատժվեն: Սա քաղաքական գործ է: Ասածս մի դիտարկեք որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Արդարամիտ եղեք ու օրենքով ղեկավարվեք»,-դիմելով դատավորին՝ անհամաձայնություն հայտնեց Լիպարիտ Սիմոնյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ դատավորը շահագրգռված է այս գործի ելքով եւ չի տիրապետում քրեական դատավարության օրենսգրքին: Մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը պաշտպանի կարծիքի հետ չհամաձայնեց՝ ասելով, որ դատավորի անաչառությունը կասկածի տակ դնելու հիմքեր չեն ներկայացվել:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ քանի որ դատարանը ծանրաբեռնված է, իր դեմ ինքնաբացարկի միջնորդության քննարկումը կկայանա հաջորդ նիստում:
Ամբաստանյալներից Կարեն Վանոյանը հայտարարեց. «Հացադուլ եմ սկսում: Մինչեւ ինքնաբացարկ չլինի, ես հացադուլը չեմ դադարեցնելու: Եթե ինձ դատեն, ես վրեժխնդիր կլինեմ»:
Լիպարիտ Սիմոնյանը եւս վրդովվեց ու ասաց՝ այլ դատական գործերով դատավորը շաբաթը մեկ նիստ է նշանակում, մինչդեռ այս գործով նիստերը ձգձգվում են: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 6-ին, 12 00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ