Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի հիմնական դրույթները

Մարտ 22,2018 16:53

Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր կազմելու խնդիր Սերժ Սարգսյանն առաջադրեց 2017թ. հոկտեմբերին՝ որակելով նման ծրագիրը որպես այդ փուլում «պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը»։

Ծրագիրն Ազգային անվտանգության խորհուրդը քննարկեց 2018թ. հունվարի 30-ին, իսկ փետրվարի 17-ին այն հաստատվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Խոսելով ծրագրի մասին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ»։

Մարտի 20-ին Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվեց ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը։ Սակայն 18 էջից կազմված փաստաթղթում Սարգսյանի խոստացած «որոշակիությունն» այդքան էլ հստակ չէ, չկան նաև խոստացված ժամկետները։

Համառոտ ներկայացնում ենք փաստաթղթում տեղ գտած հիմնական դրույթները։

Կանխատեսումներ

Ծրագրում ներկայացված են կանխատեսումներ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։ Ներկայացված են հնարավոր մրցավազքերի, ինչպես նաև Ադրբեջանի ներքաղաքական լարվածության պայմաններում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Կանխատեսվում է միջազգային հարթակում ռազմաքաղաքական հակասությունների ֆոնին Հայաստանի անվտանգության վրա բացասաբար ազդող օջախների ձևավորումը։ Շարադրված են մի շարք քայլեր, որոնք պատրաստվում է անել Հայաստանը 2018-2024 թվականներին։ Նախատեսվում է պաշտպանական ծախսերին հատկացնել ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը (այժմ այդ թիվը կազմում է մոտ 4,5 տոկոս)։

«Ազգ-բանակ»

«Ազգ-բանակ» հայեցակարգի գործարկումից մոտ մեկ տարի անց առաջին անգամ փաստաթղթավորված և ինչ-որ չափով հստակեցված ներկայացվեցին դրա վերաբերյալ մի քանի դրույթներ։ Ըստ այդ փաստաթղթի՝ հայեցակարգը որպես արդիականացման տեսլական պատրաստվում է հիմք դնել իրականության, որտեղ բանակը պետք է դառնա առաջնորդների դարբնոց և քաղաքացու մեջ ձևավորելու է հարգանք օրենքի նկատմամբ, «զինվորական» և «բանակային» բառերը հասարակության համար պետք է նշանակեն «առաջադեմ» և «առավել ուսյալ»։ Ծրագրով նախատեսվում է նաև հայեցակարգի ներառականության ապահովումը՝ հասարակությանն արդիականացման ակտիվ մասնակից դարձնելով։

Ծրագրի նպատակները

Ծրագրում ներկայացված են բանակի արդիականացման 9 նպատակներ, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր որոշ եղանակներ։ Նպատակներից առաջինը զսպման համակարգի առկայությունն է, որը միտված է պետության նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը։ Նախատեսվում է բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ավելացնել ՀՀ ԶՈՒ հարվածային և կրակային խոցման հեռավորությունը և ճշգրտությունը։

Ծրագրվում է ստեղծել արդյունավետ ռազմական կառավարման համակարգ։ Խոսքը թե՛ կառուցվածքային, թե՛ գործառնական առումով կառավարման համակարգի համաձայնեցման մասին է։ Ծրագրում ներկայացվում է նաև մարտական վարպետության կատարելագործման տեսլականը։ Նախատեսվում է նմանակման, մոդելավորման և խաղարկման վարժասարքերի ներդնումը։

Բանակի արդիականացման համատեքստում հիշատակվում է նաև կրթական չափանիշների բարելավման անհրաժեշտությունը։ Օրինակ, հանրակրթության ոլորտում պլանավորվում է վերանայել նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման մեթոդաբանությունը։ Կարևորվում է ռազմավարական հետազոտությունների օգտագործման կարողության ձևավորումը։ Ծրագրում ներկայացված նպատակներից մեկն էլ ռեսուրսների արդյունավետ և թափանցիկ կառավարման անհրաժեշտությունն է։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում պատերազմի էկոնոմիկայի զարգացման և ռազմաարդյունաբերական համալիրի կայացման անհրաժեշտությանը։ Բացի սա, արդիականացման ծրագիրը նպատակ է դնում ներդնել պահեստազորային ակտիվ ծառայություն՝ պարբերաբար պահեստազորին ներգրավելով վարժանքներում։

Եվս մեկ նպատակ սոցիալապես ապահովված զինվորական ծառայության կայացումն է, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում փոխվստահության ձևավորումը՝ միտված ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը։ Փաստաթուղթը խոստանում է նաև հակակոռուպցիոն ծրագրի մշակում։ Ներկայացված վերջին՝ 9-րդ նպատակը, վերաբերում է միջազգային համագործակցությանը, որը ենթադրում է ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության զարգացում։ Բանակի արդիականացման 7-ամյա ծրագրում նշված է նաև, որ այն ենթակա է ճշգրտումների և փոփոխությունների։

 

Արեն Մելիքյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031