ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վստահեցրեց` ԿԳՆ-ն համագործակցություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ երեխաների արտադպրոցական ժամանցը կազմակերպող «Չումբո» կազմակերպության հետ։
«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը տեղեկացրեց` իրենց ծրագիրը ներկայացվել է, բայց քաղաքապետարանը հավանություն չի տվել դրան, ուստի չի էլ համագործակցել այդ կազմակերպության հետ:
Երևանի ավագանու անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հակադարձեց` կազմակերպության վերաբերյալ բողոքները դեռ անցյալ տարվանից են սկսվել. «Մեկ տարի առաջ նամակով դիմել էի քաղաքապետին՝ պարզելու համար, թե ինչպես է կազմակերպությունը մուտք գործել դպրոցներ։ Ստացա մի գրություն, որից պարզվում էր, որ քաղաքապետարանը թույլատրել է մուտքը, սակայն առանց պայմանագրի»։
Աննա Ստեփանյանը, սակայն չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ի վերջո ինչպես է կազմակերպությանը հաջողվել մուտք գործել տասնյակ դպրոցներ: Փոխարենը հայտարարեց. «Յուրաքանչյուր գործընթաց, որը կազմակերպվում է երեխաների համար, պետք է շատ լուրջ ուսումնասիրության ենթարկվի, ինչի արդյունքում քայլեր ձեռնարկվեն: Այս պահին մեր կողմից արվել է այդ ուսումնասիրությունը և թույլ չի տրվել այդ կազմակերպությանը»:
Հարցին` երաշխիքը ո՞րն է, որ նույնը հետագայում էլի չի կրկնվի, օրինակ, մեկ այլ կազմակերպության հետ, պարոն Արշակյանը պատասխանեց. «Ցանկացած ծնող, դեռ դպրոցը թողնեմ մի կողմ, ազատ է դասերից հետո կազմակերպել իր երեխայի ազատ ժամանցը: Եթե նա որոշել է, որ երեխան պիտի գնա թատրոն, որևէ տնօրեն կամ ուսուցիչ պարտադրել չի կարող: Խոսքը պարտադրված դրամահավաքի մասին է: Եթե ծնողական խորհուրդը որոշել է, որ դասարանը պետք է գնա թատրոն, ոչ մեկ դա արգելել չի կարող: Այն, ինչ տեղի է ունենում դպրոցում, վերահսկելի է: Կան կազմակերպություններ, որոնք փորձ են կատարում մտնել դպրոց: Այդ ամենը վերահսկվում է»:
Հարցին` ընդունո՞ւմ են, որ «Չումբո» կազմակերպության պարագայում երկուստեք` ԿԳՆ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից թերացում եղել է, պարոն Արշակյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի ասում, որ երկար ժամանակ իրենք մտել են դպրոց: Անմիջապես նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով և ուսումնասիրվել այդ կազմակերպության գործունեությունը: Բոլոր մանրամասնություններով տեղեկանքում նշված է»:
Հարցին` այս ամենի հետևանքը ո՞րն է, արդյոք դրանից հետո պատկան մարմինները ստացե՞լ են նկատողություն, պարոն Արշակյանը պատասխանեց. «Պատկան մարմիններին և Երևանի քաղաքապետարանին գնացել է գրություն, կազմակերպության գործունեության մասին, այն ուսումնասիրվել է, հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ օրենքի, կառավարության որոշումների: Ուստի հետևությունն այն է, որ դա չի կարող իրագործվել: Հորդորել ենք, որ հետագայում նման կազմակերպությունները մուտք չգործեն ուսումնական հաստատություն»:
Այն հիշեցմանը, թե տեսանյութ տարածվեց, որտեղ «Չումբո» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում նախարարությանն աջակցության համար, Աշոտ Արշակյանն արձագանքեց` վստահեցնելով, որ դա եղել է պարզապես աշխատանքային քննարկում: Իսկ տեսանյութերը մոնտաժված են։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ