ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաևը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են անցյալ տարի Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման և կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները և կարևորել չվերթերի ավելացումը:
Անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների և մարզիկների փոխանակման ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեքստում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:
Երկու երկրների նախարարները քննարկել են նաև հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ