Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուշակներից ձկան հոտ էր գալիս. Մարտի 22-ը Ջրային պաշարների համաշխարհային օրն է

Մարտ 22,2018 16:03

Ոլորտի մասնագետները միշտ իրենց ուշադրության կենտրոնում են պահում ոլորտի կարգավորման հրատապ խնդիրները։

Գարնանն ընդառաջ լեռնային Հայաստանի բուսականությունը ջրի կարիք ունի։ Հայաստանում 70-ից ավելի կառուցված ջրամբարներ կան, որոնք կարգավորում են ջրամատակարարման հետ կապված հարցերը։ Սակայն երբեմն հենց այդ ջրամբարները չեն լցվում, իսկ պատճառը՝ ըստ ջրային պաշարների անկախ փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանի, դրանց անմխիթար և չվերանորոգված վիճակն է ։

Ջրամատակարարման խողովակների վատթար լինելու պատճառով երբեմն խմելու ջրի հետ միասին սպառողին են հասնում նաև աղտոտված ջրերը, թեև վերջիններս վերահսկողության տակ են գտնվում,սակայն կարող են պատճառ դառնալ աղիքային հիվանդությունների։

«Ինչ վերաբերում է ջրամբարների որակական վիճակին, ես կարող եմ ասել, որ դրանք ավելի են վատանում, որովհետև մեր հանքարդյունաբերությունն էքստենսիվ է զարգանում, իսկ մեր պոչամբարները չեն բավարարում իրենց ծավալով, շատ անգամ գերլցված են լինում։ Եթե գերլցված էլ չեն, ապա մթնոլորտային տեղումների դեպքում արտահոսք է լինում, և աղտոտված ջրերը, որ պարունակում են Մենդելեևի աղյուսակի մեծ մասը, ներթափանցում են գետեր ՝սնելով ջրամբարները»,- նշում է Ք.Հովհաննիսյանը։

Ներկայացնելով իրավիճակը՝ մասնագետը Հրազդան գետի օրինակով ավելացնում է, որ փոքր-ինչ ուշադիր լինելու դեպքում, կարելի է նկատել հենց գետի վրա տեղադրված պոմպերը, որոնց միջոցով մարդիկ ոռոգում են իրենց հողամասերը, այգիները։ Աղտոտված ջուրն իր մեջ մետաղներ է պարունակում, որը ներծծվում է հողի մեջ, իսկ հողից էլ բույսն է սնվում։ Ջրային պրոբլեմների ինստիտուտի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է կորելյացիայի գործակիցը, որը ջուր-հող-բույս համակարգում է գործում. մասնագետները կարծում են, որ դա վտանգավոր արդյունք է։ Այդ գործակիցը հավասար է ՝0․75-ի. դա նշանակում է, որ այն, ինչ ջրի հետ ներծծվում է հողում, դրա 75 %-ը վերցնում է զարգացող բույսը։

Իրավիճակն ավելի է բարդացնում ձկնաբուծության ֆերմաներից հետ վերադարձող ջուրը, որոնք նորից լցվում են գետեր։

«Անցած տարի Արարատյան դաշտավայրից բերված մանուշակներից ձկան հոտ էր գալիս։ Հաճախակի բնակիչները բողոքում են ՝ այն կանաչեղենը, բանջարեղենը, որն օգտագործում են, ձկան համ է գալիս։ Այս իրավիճակը ավելի է դժվարանում, քանի որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում բացասական գործոնները վերացնելու կամ մեղմացնելու համար»,-նշում է ջրային պաշարների անկախ փորձագետը։

Հետազոտություններում ներառված է բոլոր գետերի ջրի որակի ցուցանիշների գիտական ամփոփումը, այն անկախ, այլ ոչ պետական ամփոփում է։ Ուսումնասիրվել են ուրբանիզացված տարածքների գետեր՝ Երևան քաղաքի տարածքում Հրազդան գետի տվյալները, Գյումրիի փոքր գետերը, Սոթք գետը, որն ունի հանքարդյունաբերության ազդեցություն, և Արցախի գետերը։

«Կան գետեր, որ իսկապես ջրի որակը համապատասխանում է, բայց հասկանալի է, որ քաղաքի և հանքարդյունաբերական ազդեցություն ունեցող գետերը շատ վատ վիճակում են գտնվում, հատկապես հոսքի ներքևի հատվածումներում։ Քաղաքներ կան, որտեղ պետության կողմից իրականացված աշխատանքների ընթացքում վերականգնվել է ջրի մատակարարումը, փոխվել են ջրագծերը և քլորակայանների սարքերի հագեցվածությունը։ Թերի մնացել են այն քաղաքները, որոնք ջուր են ստանում, ոչ թե ստորերկրյա, այլ մակերևութային աղբյուրներից, որոնք ավելի ռիսկային են, արտաքին պայմանների ազդեցությունը նրանց վրա ավելի շատ է։ Այդ քաղաքներից կարելի է նշել Բերդը, Դիլիջանը, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ, և Քաջարան քաղաքները»,-փաստում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր Գայանե Բաբայանը։

Պարզվել է, որ ակունքային մասերում Մեղրիի և Գեղիի ջրավազաններում արդեն իսկ ջուրն աղտոտված է և չի համապատասխանում սահմանված նորմերին, այսինքն՝ էկոհամակարգերը խախտված են։ Աղտոտումը կատարվում է անուղղակի ազդեցությամբ՝ անձրևների շրջանում, և այլն։ Մաքրման կայանները, ըստ Գ.Բաբայանի, աշխատում են երկու ռեժիմով ՝ արտակարգ և սովորական։ Հաճախ մաքրման կայանները չեն հասցնում մաքրել աղտոտված ջրերը։

«Իհարկե, պետք չէ ասել, որ այսօր Հայաստանում վիճակը շատ վատ է, բայց փոքր գետերը իսկապես կարիք ունեն կառավարության ուշադրության, որովհետև ջրառ-ի ծավալները այնքան մեծ են, որ գետում ջուր չի մնում, այդ պատճառով փոխվում են ջրի որակական ցուցանիշները, իսկ դա առաջացնում է և´ առողջապահական, և´ բնապահպանական խնդիրներ», -նշում է Գ. Բաբայանը։

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031