Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եմ՝ լավ չեմ զգում, մարդ ես, ապօրինություն մի արա». Իշխան Բարսեղյանն ու դատավորը բղավեցին իրար վրա

Մարտ 22,2018 15:40

Կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստում այսօր վերջինս ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Վաչե Մարգարյանին: Պատճառը, ինչպես նշեց Իշխան Բարսեղյանը, դատավորի կողմնակալությունն է եւ վերջինիս կողմից իր պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժելը:

Որպես օրինակ Իշխան Բարսեղյանը նշեց՝ դեռեւս հունվարին դատավորը մերժել էր իր ստորագրության առնչությամբ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը. «Խնդիրն այն է, որ «կաշառքի նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրության մեջ իմ ստորագրությունը կեղծված է, առկա են հանցագործության հատկանիշներ: Ես ասում եմ՝ կեղծված է, իսկ դատավորն ասում է՝ «դա նշանակություն չունի»: Ո՞նց թե, մեղա քեզ՝ Աստված: Կրկնում եմ՝ այդ փաստաթուղթը կեղծ է, մինչդեռ դատարանն այն թույլատրելի ապացույց ճանաչեց»:

Իշխան Բարսեղյանի համոզմամբ՝ դատավոր Վաչե Մարգարյանը դիտավորությամբ  դրսեւորելով ապօրինություններ՝ քրեական դատավարության օրենսդրության կոպիտ խախտումներ է թույլ տվել. «Նա ցույց է տվել կողմնակալ վերաբերմունք, քանի որ 20 րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելով՝ մերժել է պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությունները»:

Դատավոր Վաչե Մարգարյանը նշեց՝ նախկինում եւս իր դեմ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը կրկնում է այսօրվա միջնորդության հիմքերը: Այդ պատճառով նա որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ այս գործը շարունակելու է քննել դատավոր Վաչե Մարգարյանը:

Նրա որոշումը հունից հանեց ամբաստանյալ Իշխան Բարսեղյանին: Նա բղավեց. «Մարդ ես, այս ի՞նչ ես անում, ապօրինություն մի արա, գնա՝ խորհրդակցական սենյակում քննի միջնորդությունը»:

Դատավոր Վաչե Մարգարյանը պնդեց, որ պետք է առաջ անցնեն, սակայն Բարսեղյանը նշեց, որ լավ չի զգում, պետք է ընդմիջում հայտարարել:

Դատավորը չցանկացավ նրա առողջական վիճակը հաշվի առնել: «Նստի տեղդ»,-բղավեց նա: Իշխան Բարսեղյանը խնդրեց հաշվի առնել իր առողջական խնդիրները:

Ի վերջո, ընդմիջում հայտարարվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031