«Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթած ֆուտբոլիստների պարգեւատրումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Շոշափվեց Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային երկու նոր ակումբ ստեղծելու մասին շրջանառվող լուրերի թեման:
«Այո, ստեղծվել է երկու նոր ակումբ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը եկել էր ինձ մոտ եւ այդ հարցը քննարկել ենք: Իրենք ասել են, որ պատրաստվում են ստեղծել երկու ակումբ: Ես պատասխանել եմ, որ թույլ չեմ տա նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսական աղբյուրից միեւնույն առաջնությունում լինի երկու ակումբ:
Երկրորդը՝ չի կարելի եւ չենք կարող, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ ակումբը միանգամից հայտնվի բարձրագույն խմբում: Եվ ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել, որ «Էրեբունի» ակումբն ունի ֆինանսական խնդիրներ: Իմ հորդորով ու խորհուրդով նրանք բանակցել են, վերցրել «Էրեբունի» ակումբը, որը մոտ ժամանակներս կանվանափոխվի, կարծում եմ՝ «Կոտայք»:
Չնայած, հնարավոր է «Էրեբունին» մրցանակային տեղ չընկնի, բայց այդ ժամանակ մենք գործկոմով որոշում կկայացնենք՝ միանգամից չորս թիմ մտնի բարձրագույն խումբ եւ ունենանք տասը թիմ: Այ, դա ֆեդերացիայի եւ գործկոմի իրավասությունների մեջ է», – հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ