Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ գրեթե անհավանական է, որ ԵՄ անդամ որեւէ երկիր խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը:
Ըստ Քոչարյանի, եթե ԵՄ որեւէ պետություն շահագրգիռ չէր, ապա կարող էր խոչընդոտել մինչ համաձայնագրի ստորագրումը, եւ եթե Եվրամիությունը ստորագրել է, սա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների լիակատար համաձայնությունն եղել է:
Համաձայնագիրը Ազգային ժողովը պետք է ապրիլ ամսին վավերացնի, որից հետո, ինչպես ասաց Քոչարյանը, պետք է այդ մասին ծանուցենք Եվրամիությանը: Իսկ ծանուցելուց հետո, ըստ փոխնախարարի, հնարավորություն կա, որ համաձայնագրի որոշակի հատվածներ սկսեն գործել. «Այսինքն՝ դրանից հետո կստանանք հաստատում, եւ առանձին դրույթներ կսկսեն գործել: Ամբողջությամբ ուժի մեջ կմտնի միայն այն պահից, երբ որ վերջին պետությունը ծանուցի, որ ավարտել է վավերացումը: Բնական է, որ իրար հետ կապը կա՝ վիզաների ազատականացման խնդիրը եւ մնացած բոլոր հատվածները»:
Համաձայնագրի վավերացումից հետո որոշ դրույթների ժամանակավոր կիրառումն ավելի դյուրին կդարձնի, ըստ Քոչարյանի, վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող բանակցությունները:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ մտահոգություն չկա՞, որ Հայաստանի արտագաղթը մեծ չափերի կհասնի վիզաների ազատականացումից հետո, Քոչարյանը պատասխանեց. «Վիզաների ազատականացումը սերտորեն կապված է ռեադմիսիայի հետ: Այսինքն՝ եվրոպական պետությունները շահագրգիռ են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների: Այնպես որ, դրանք իրար հետ շաղկապված հարցեր են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ