ՀՀԿ-ական պատգամավորն ուզում է, որ ռուսների օրինակով համախմբվենք Սերժ Սարգսյանի շուրջ
ՀՀԿ խմբակցության պատգամավորը ՀԱՊԿ դիտորդական առաքելության խմբում դիտարկել է ՌԴ նախագահի ընտրությունները`Սանկտ Պետերբուրգում: Հիշեցնենք, այս ընտրություններում աննախադեպ ակտիվություն կար, ինչի արդյունքում գործող նախագահը ռեկորդային քվեներով`55 միլիոն ձայնով վերընտրվեց:
Տաճատ Վարդապետյանն ասում է`Սանկտ Պետերբուրգում կրկնակի բարձր է եղել ակտիվությունը: Իրենք եղել են 60-ից ավելի տեղամասերում, նախագահի թեկնածուների շտաբներում, էական խախտումներ չեն արձանագրել:
Տաճատ Վարդապետյանը պատմում է` նախագահական ընտրությունների մասնակցության ռեկորդային արդյունքը տեսնելով՝ տեղացիներն ասում էին`Արեւմուտքն օգնեց Պուտինի ռեկորդային վերընտրությանը:
Ինքը՝ Տաճատ Վարդապետյանն այսպիսի տպավորություն ունի. «Ռուսները փորձության ժամին ավելի ամուր են կանգնում իրենց նախագահի կողքին եւ դա գնահատելի է: Մենք տեսնում ենք, թե ՌԴ-ում ինչքան շատ եւ լուրջ խնդիրներ կան, բայց, այնուհանդերձ, նրանք իրենց նախագահի նկատմամբ վերաբերմունք ունեն»:
Մեջբերում է իր ընկերոջ, Հակոբ Սրապյանի քառատողը. «Ամեն մի հայ մի թագավոր: Ամեն մի հայ մի կարծիք: Դա չէ՞ր արդյոք պատճառը, որ կես հայրենիք մնացինք»:
«Ես կցանկանայի, որ այդ վերաբերմունքը նաեւ մեր պետության մեջ լինի»,- ասաց բանախոսը: Պատասխանելով հարցին`Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ցույցերի մասին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց` հարգելով քաղաքական ուժերի մոտեցումը, բայց չեմ կիսում այն ուժերի կարծիքը, որոնք պայքար են սկսում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նա այդ ուժերի այլախոհն է: Ինքը ժողովրդավարության, ազատամիտ գաղափարներին կողմնակից է, բայց դրանց նենգափոխումը, սադրանքի նախասկիզբ դառնալն անընդունելի է համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ