Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամբարները թերլցված են, ոռոգման խնդիր կա. Հնարավոր է Սեւանից հավելյալ ջրառ իրականացվի

Մարտ 22,2018 14:55

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրային տնտեսության պետական կոմիտեին նախատեսված ժամկետներում իրականացնել աշխատանքներ, որպեսզի ոռոգման սեզոնին ամբողջությամբ ջրամատակարարումն ապահովվի:

Նիստից հետո կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասաց, որ այս պահին ջրամբարները լցված են 39%- ով, 2017-ի համեմատ 47.3% էր, 2016-ին, երբ ջրառատ տարի էր՝ 58 % էր. «Այսինքն՝ 19 տոկոսով պակաս ջուր ունենք, քան ցանկալի էր ունենայինք»:

Ըստ Հարությունյանի, եթե տեղումներ չլինեն կամ քիչ լինեն, կոմիտեն ստիպված կլինի դիմել կառավարությանը, որպեսզի կարողանան Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել. «Բայց հիմա վաղ է խոսել, որովհետեւ, ըստ հիդրոմետի, սպասվում է անձրեաշատ ապրիլ ամիս»:

Կոմիտեի ղեկավարի՝ խոսքերով՝ «2018 –ին ունենք «պլան Բ», որով նախատեսում ենք 23 նոր հորատվող խորքային հորեր, եւ 14 վերականգնվող հորեր ունենալ: Այս ամբողջի ծախսը մոտ 1 միլիարդ դրամ է գնահատվել, եւ 200 միլիոն էլ կծախսվի կոմիտեի համար 20 շարժական պոմպակայանների համար, որպեսզի առուներից, լճակներից պոմպերով ջուրը մղվի հողեր»:

Չորային տարի լինելու պատճառով ամենառիսկային մարզերն, ըստ Հարությունյանի, Արմավիրն ու Արագածոտն են, եւ հատկապես այս մարզերի այն համայնքները, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից:

«Արմավիրում խորքային 400 հորեր ստուգում ենք, եթե ունեն վերանորոգման կարիք, կվերանորոգենք»,-ասաց կոմիտեի ղեկավարը:

Ավելի վաղ Aravot.am-ը անդրադարձել էր Արմավիրի մարզի հողօգտագործողների մտահոգությանը, մեզ հետ զրույցում գյուղացիներն ասել էին, որ իրենց հորդորել են ՝ «հող չմշակել, ջուր չկա»: Խորքային հորերի մասին էլ գյուղացիները վստահեցրել էին՝ «Խորքային հորերն էլ ցամաք են, խփում ենք՝ ջուր չի գալիս: Մեր մոտերը ջուրը միշտ պակաս ա: Էս տարի էլ աչքիս՝ երաշտ ա: Որ գյուղապետերին հարցնում ենք՝ բա ի՞նչ ա լինելու, ո՞նց ենք ջրելու, ասում են՝ Աստված՝ առաջ»:

Aravot.am-ն այս մտահոգությունը փոխանցեց Հարությունյանին: Վերջինս վստահեցրեց՝ «Բոլոր այդ տեղերում մենք հիմա նոր հորատումներ ենք անում: Բոլոր այդ տեղերում, եթե նախկինում եղել են հորատված հորեր, եւ պոմպերը չեն շահագործվել, փակվել են հորերը, հիմա նորից մաքրման աշխատանքներ ենք անում, որպեսզի կարողանանք վերականգնել, եւ ռիսկը նվազագույնի հասցնենք»:

Թե որքա՞ն տարածք հնարավոր է ոռոգման խնդիր ունենա, Հարությունյանն ասաց, որ կոնկրետ թիվ չի կարող նշել: Բայց, ինչպես ասաց Հարությունյանը, հնարավոր է ջրամատակարարման տեւողությունը չլինի այնպես, ինչպես եղել է ջրամբարների ամբողջությամբ լցվածության դեպքում: Կոմիտեի ղեկավարը վստահեցրեց՝ անում են ամեն ինչ, որպեսզի մշակովի տարածքներում ջրամատակարարումն ապահովվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031