«Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը ստանալուց հետո Հենրիխ Մխիթարյանը լրատվամիջոցներին ասաց. «Միշտ էլ հաճելի է առաջինը լինել: Չեմ ժխտի՝ այսօր էլ հաճույքով ստացա այդ պարգեւը: Կփորձեմ հաջորդ տարիներին էլ նույնն անել՝ հարգելով իմ թիմակիցներին:
Առաջիկա ընկերական երկու հանդիպումների համար հավաքականի տրամադրվածությունը շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել երկու խաղերում էլ: Չնայած լինելու են ֆուտբոլիստների, մարտավարական փոփոխություններ, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթանակի ցանկության, մեր երկրպագուներին ուրախացնելու վրա»:
Հարցին, թե ինչ կարծիք ունի Ազգերի լիգա նոր ձևաչափի մասին, Մխիթարյանը պատասխանեց. «Պաշտոնական հանդիպումներն ավելի հետաքրքիր են, քան ընկերական խաղերը: Դա շատ մեծ փորձ է լինելու մեզ համար: Լինելու են շատ մեծ դժվարություններ: Թող չթվա, թե լավ խումբ, հեշտ հավաքականների հետ ենք ընկել: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ եւ թույլ մրցակիցներ: Բայց փորձելու ենք անել ամենը, որպեսզի պատվով դուրս գանք եւ հաղթենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ամեն տարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը նվաճելը հաճելի լինելով՝ հոգեբանորեն մրցակցությունից դուրս գտնվելու զգացում չի՞ առաջացնում. «Ես ինձ այնպիսի ֆուտբոլիստ չեմ համարում, որը մրցակից չունի: Միշտ էլ փորձում եմ ինքս ինձ համար մրցակիցներ գտնել եւ պայքարել: Դա ինձ ինչ-որ տեղ ավելի ուժեղ է դարձնում: Հավաքականում ունենք շատ լավ, շնորհալի եւ ուժեղ ֆուտբոլիստներ, որոնց լավ իմաստով իմ մրցակից եմ համարում: Եվ դրա համար շնորհակալ եմ նրանց», – պատասխանեց Հենրիխ Մխիթարյանը:
Անդրադառնալով հարցին, որ երկրպագուները իրենից միշտ լավ խաղ ու գոլ են սպասում, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ասաց. «Ոչ միայն երկրպագուները, այլեւ ես եմ ինձանից լավ խաղ սպասում: Խաղում եմ, որպեսզի կարողանամ հաջողության հասնել՝ եւ գոլ խփել եւ գոլային փոխանցում կատարել, խաղալ այն ֆուտբոլը, որը կարողանում եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ