Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստերը փակ կլինեն. «Ելքի» առաջարկները մերժվել են

Մարտ 22,2018 14:45

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ այլ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ նախագծում ամրագրված է, որ վարչապետն իրավունք ունի վերանայել կառավարության անդամների, նախարարների որոշումները, եթե նախարարի որոշումը վերանայեց, դա քաղաքական հետեւանք կունենա, ես չեմ պատկերացնում նաեւ, որ վարչապետը կարողանա ինքնուրույն կառավարության որոշումներ վերանայի:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Սա իսկապես վրիպակ է, ես համաձայն եմ, որ վարչապետը չի կարող վերանայել կառավարության որոշումները: Ինչ վերաբերում է վարչապետին ենթակա մարմինների որոշումներին, այդտեղ մենք որեւէ խնդիր չունենք: Սկզբունքորեն համաձայն ենք»:

Իսկ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց առաջարկը մերժվել է, որ կառավարության նիստերը բաց լինեն. «Մենք առաջարկել էինք նաեւ, որ փոխվարչապետները եւ նախարարները ազատ լինեն կարծիք արտահայտելու իմաստով, կաշկանդված չլինեն, մեր այս առաջարկներն էլ մերժվել են: Նախագծին դեմ ենք քվեարկելու»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ չենք ընդունել «Ելքի» առաջարկները, որովհետեւ կային սկզբունքային անհամաձայնություններ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, երբ «Ծառուկյան» դաշինքը խոսում էր աշխատավարձերի, թոշակների բարձրացման մասին, փաստում էին, թե բյուջեում գումար չկա, հիմա տեսնում ենք, որ սուղ բյուջեի հաշվին ունենում ենք բազմաթիվ ենթակա առընթեր տեսչական մարմիններ, ավելի նպատակահարմար չէ՞ր վարչապետին կից մի վերահսկողական ծառայություն ունենալ, որն ամբողջովին կծածկեր ոլորտը եւ կվերջանար:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կիսում է այն մոտեցումը, որ պետք է արդյունավետ ծախսել միջոցները, բայց Առուստամյանը սխալվում է, ոչ թե տեսչություններ են ստեղծվում, այլ միավորման արդյունքում կրճատում են. «Այսօր 6 միավորված տեսչություններ են»:

Նախագծին, բացի Նորա Առուստամյանից, հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, «Ելքը» քանի որ բացակայում էր, չքվեարկեց: Նախագիծն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031