Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի համայնքներում մատչելի գներով պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում հափշտակությունների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են բացահայտվել

Մարտ 22,2018 14:19

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ:

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018 թվականի մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժին` ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի իրավասու պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո, շահադիտական դրդումներով, պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից փաստացի վաճառված պարարտանյութի համար հավաքագրված գումարի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Միխայլովկա համայնքում յուրաքանչյուր պարարտանյութի դիմաց վճարում կատարած ցուցակներում չի արտացոլել հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարի իրական չափի վերաբերյալ տեղեկություններ և շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ ներկայացրել է Լոռու մարզպետարան:

Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը, աշնանացան ցորենի բաշխման գործընթացում, նպատակ ունենալով հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, 2014-2016 թվականների ընթացքում նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում և նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացրել, այլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր կողմից ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031