Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր, տրանսպորտ ու գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու: Այս գործով մեղադրյալներ են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:
Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվեց Արմեն Առուշանյանը: Նա դատարանին հայտնեց, որ դեպքի օրը, ինչպես եւ այժմ, ծառայում է Ոստիկանությունում: «Ձայներ լսեցինք, մոտեցանք այն հատվածին, որը փակել էին ոստիկանները: Վերջիններիս ու բնակիչների, հիմնականում՝ երիտասարդների միջեւ բախում էր տեղի ունենում: Պահանջում էին ճանապարհը բացել, ոստիկաններն էլ ասում էին՝ հնարավոր չէ, որովհետեւ անվտանգություն են ապահովում: Երիտասարդները քարերով խփում էին, հարվածում ոստիկաններին»,-պատմեց Արմեն Առուշանյանը:
Մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը հետաքրքրվեց՝ քաղաքացիների վրայից ալկոհոլի հոտ առե՞լ է: Վկան պատասխանեց. «Ալկոհոլի հոտ չեմ առել, բայց նորմալ՝ սթափ մարդն իրեն դժվար թե այդպես պահեր: Իմ կարծիքով՝ սթափ չէին»:
Ոստիկանի խոսքով՝ սարիթաղցիները նաեւ սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին՝ ասելով՝ «Կսպանենք, կվառենք»:
Սա լսելով մեղադրյալներից Կարեն Վանոյանը տեղից խոսեց՝ հեգնելով ոստիկանին. «Կմորթենք, չէ՞, է՞լ ինչ»: Առանց դատավորի թույլտվության խոսելու համար նա նախազգուշացում ստացավ:
Մեղադրյալների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը վկային հարցրեց՝ «տեսե՞լ եք, որ ոստիկանները մի քաղաքացու գցել են գետնին ու ծեծում են»: Արմեն Առուշանյանը պատասխանեց, որ չի հիշում:
Ապա Կարեն Վանոյանը, դիմելով վկա-ոստիկանին, հայտարարություն արեց. «Ձեր կողմից քաղաքացիական հագուստով ոստիկաններն են դեպքը հրահրել: Քառասուն հոգի մի կողմից եկան, 30 հոգի՝ մյուս կողմից: Կարմիր բերետավորները եկան, մարդկանց գցին գետնին ու սկսեցին տշել: Երեւի շանն այդպես չէին խփի: Ինձ ոստիկանը խփել է, ընկել եմ գետնին, ձեռքիս վրա 20 սանտիմետրանոց վերք է բացվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ