Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 9-17-ի քաղաքական վակուումը պետք է օգտագործել». Պետրոս Մակեյան

Մարտ 22,2018 13:41

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը համարեց վրեժխնդրություն:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մակեյանն ասաց. «Դա հստակ վրեժխնդրություն էր այն բանի համար, որ ապրիլյան քառօրյա դավադիր պատերազմի բոլոր խութերը բացահայտեց Ժիրայր Սեֆիլյանը՝ գումարած այն, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կա խիստ վախի զգացողություն: 1937-ին տրոյկայով վճիռներ էին, հիմա մեկ կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից է հրահանգավորված: Այս վճռով արդարադատությունն իսպառ վերացվեց Հայաստանում»:

Պետրոս Մակեյանը մտահոգություն հայտնեց, թե երբ նայում ես «Սասնա ծռերի» ցուցակը, Արցախյան պատերազմի հերոսների մեծ մասը փակված են: Դա նշանակում է կոտրել ժողովրդին: 2016-ին երևաց՝ ինչ արեցին ժողովրդի գլխին, ժողովուրդն էլի գնաց Արցախ. «Հայտարարել է՝ հինգ շրջաններ հանձնելու մասին, տեսնում է չի կարողանում, խոչընդոտները պետք է մաքրի»:

Պարոն Մակեյանի հավաստմամբ՝ ստեղծված իրավիճակում իրենց առաջին քայլը քաղաքական և քաղաքացիական ոլորտի համախմբումն է, որից ազդակ պետք է ստանա հանրությունը և գա հրապարակ. «Թե 9-17-ին ինչ ժողովուրդ կգա հրապարակ, դրանից կախված է մեր հաջողությունը: Առաջին քայլը կլինի այն, որ ժողովուրդը ձևավորի կառավարություն՝ իր վարչապետով»:

«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը, խոսելով Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճռի մասին, վստահեցրեց՝ ամենածույլ տնային տնտեսուհին անգամ գիտի, որ դա վրեժխնդրություն է, և որպեսզի այդ անձինք չխանգարեն Սերժ Սարգսյանի հերթական վերարտադրությանը:

Հարցին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կմիանա՞ ճակատին, տիկին Մուրադյանը պատասխանեց՝ բանակցություններ են տարվում են, բանակցողը  Արմեն Մարտիրոսյանն է.  «Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Չի բացառվում՝ ինչ- որ պահի միանա ճակատին»:

Պետրոս Մակեյանը նաև պարզաբանեց, թե ինչու են ապրիլի 9-17-ը կոչ անում դուրս գալ հրապարակ. «Ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի ժամկետը: 17-ին պետք է սկսվի ձևավորումը: Այդ քաղաքական վակուումը պետք է օգտագործել: Որևէ քաղաքական ուժ դա չի կարող օգտագործել, եթե հանրությունը չի գալիս հրապարակ»:

Հիշեցմանը, թե մի շարք քաղաքական ուժեր իրենց հաջողություն են մաղթել, սակայն չեն միանում իրենց պայքարին, պարոն Մակեյանն արձագանքեց. «Ինչ որ Զուրաբյան Լյովիկն է ասում, մասամբ ճիշտ է ասել: Նույն կերպ կարող ենք ասել իր հայտարարության մասին: Ժամանակին 4+4+4 ձևաչափի մասին ասաց, թե սա ժողովրդավարության պատմական հաղթանակն է: Ապրիլի 2-ին տեսանք՝ այդ հաղթանակն ինչ էր՝ կուլակների մրցույթ: Հետին թվով սկսել ամեն մեկի վրա ինչ-որ բան գտնել, սա ճիշտ չէ: Մենք ասում ենք՝ մոռանա ամեն մեկն իր արածն ու չարածը, և 20 օր իրար կողք կանգնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031