Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանը` ափի մեջ. կրեատիվ գաղափարի ծնունդը

Մարտ 22,2018 13:26

Սևանի տարածաշրջանի զբոսաշրջային գրավչություններն ի ցույց դնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, ինքնատիպ լուծումներ:

Ֆրանս-հայկական IRAPA հարթակը, որ միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք, կարևորելով զբոսաշրջային գործի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, դեռևս անցյալ տարի ամռանը Սևանում և Գորիսում հայտարարեց «Զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհ» ծրագրի մրցույթի մասին:

Ծրագիրը տարբերվում էր զբոսաշրջության զարգացմանը միտված մյուս նախաձեռնություններից, ակնկալվում էր վերջնական արդյունքի յուրօրինակություն, թիմի հմուտ աշխատանք, որը նպաստելու էր նաև միջհամայնքային կապերի ապահովմանը:

Ծրագրին արձագանքել էին շատերը. 18 թիմ ներկայացրել էր իր տեսակի մեջ ինքնատիպ, տարածաշրջանային առանձնահատկություններից բխող, տեղական ժառանգությունն արժևորող ծրագիր:

Ծրագրային պայմաններից էր, որ թիմերը մինչև 1000 եվրո դրամաշնորհով ծրագիրը պետք է իրականացնեին կամավորական հիմունքներով. գումարը նախատեսված էր միայն ծրագրի իրականացմանը:

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին, երբ IRAPA հարթակի պատասխանատու Սեբաստիեն Ֆաբիենը, հարթակի հայաստանյան ծրագրերի պատասխանատու Աննա Կաստելնուվոն, միջազգային համերաշխության ծրագրի կամավոր, ազգությամբ հայ Անժելա Գավրիեն ընդունելության էին հրավիրվել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ, ի թիվս մի շարք ծրագրերի ներկայացման, IRAPA հարթակի պատասխանատուն նշեց զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհային ծրագրի արդյունքների առաջիկա ամփոփման մասին:

«Երիտասարդների կողմից ներկայացված մեկը մյուսից ինքնատիպ գաղափարները` ծրագրերի տեսքով, արդեն քննարկվել են և լավագույնները կստանան դրամաշնորհ դրանք կյանքի կոչելու համար: Նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր աշխատել են թիմով, առավել մեծ տարածք են ընդգրկել, չկրկնվող են և տարածաշրջանի արժևորման խնդիր են լուծել»,- նշեց Սեբաստիեն Ֆաբիենը:

Այդ նպատակով ստեղծված հանձնախումբն արդեն ամփոփել է ներկայացված ծրագրերը և արդյունքում Սևանում հաղթող է ճանաչվել «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի երիտասարդների կողմից ներկայացված «Հայկական փոստային բացիկ» ծրագիրը:

Նախօրեին Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ մրցույթի հաղթող թիմի անդամներին հավաստագրերի հանձնման արարողությունը, որով միաժամանակ ազդարարվեց ծրագրի մեկնարկը:

«Հայկական փոստային բացիկ» ծրագիրն իրականացնող թիմի ներկայացուցիչ Արմինե Ժամհարյանը տեղեկացրեց, որ մինչ ծրագրի ներկայացնելն ուսումնասիրել են տարածաշրջանի զբոսաշրջային դաշտը:

«Սևանի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների կողմից կար պահանջարկ այնպիսի բացիկների, որոնց վրա պատկերված են լինելու պատմամշակութային հուշարձանները, բնապատկերներ, անգամ այն վայրերն ու պահերը, որոնք առաջին հայացքից կարող են աչքի չընկնել, ուշադրություն չգրավել, սակայն ինքնատիպ են և, լուսանկարչական ապարատը, որսալով դրանք, հավերժացնելու է այն ու հանրայնացնելու»,- ասում է Արմինեն:

Թիմի համար աշխատանքային մեկնարկը կտրվի ապրիլ ամսից, իսկ մի քանի ամիս անց առաջին արտադրանքը` մեկը մյուսից տարբերվող բացիկների տեսքով, կդառնա սպասված հուշանվեր, որը կպատմի այս տարածաշրջանի հայտնի ու անհայտ գրավչությունների մասին: Բացիկների վրա կլինեն նաև համապատասխան մեկնաբանություններ, որոնք գեղարվեստական արվեստին կավելացնեն ճանաչողականը:

Ծրագիրն իրականացնող թիմի 4 երիտասարդներից յուրաքանչյուրն ունի աշխատանքի իր մասնաբաժինը և մեկը մյուսին լրացնելով` ամբողջացնելու է այս հետաքրքիր գաղափարի ծնունդը:

Թիմի անդամ Արմինե Ժամհարյանի փոխանցմամբ` թիմն աշխատելու է Սևանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, որի միջոցով նպաստելու է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, միաժամանակ նախատեսվում է դուրս գալ մարզի սահմաններից և ծրագիրը դարձնել համահայկական:

«Տեղադրվելու են 3 փոստային արկղիկներ մարդաշատ վայրերում, որտեղից հնարավոր կլինի գնել բացիկները: Դրանց արժեքը լինելու է 500 դրամ և ուղղորդվելու է նոր բացիկների տպագրությանը»,- ասում է Արմինեն:

Այս բացիկները զբոսաշրջիկների միջոցով շրջելու են ողջ աշխարհում և տարածաշրջան են բերելու զբոսաշրջիկների նոր խմբերի` արդեն տեղում ծանոթանալու և տեսնելու բացիկների վրա պատկերված վայրերն ու հուշարձանները:

Երիտասարդների հերթական նախաձեռնությունը ողջունել է նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

«Յուրաքանչյուր մեծ ու փոքր ձեռնարկ, հետաքրքիր ծրագիր, որ նպաստում է համայնքի ներկայանալի դառնալուն, արժանի է ուշադրության և խրախուսանքի: Համայնքում իրականացվող բազմաթիվ ծրագրերի կողքին սա էլ ունենալու է իր տեղը, իսկ տեղական իշխանությունն էլ պատրաստ է կանգնելու երիտասարդական նախաձեռնությունների կողքին և նպաստելու դրանց առաջխաղացմանը»,- նշում է Սևան համայնքը ղեկավարը:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031