Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Այսօր չեմ տեսնում, թե հասարակությունն ըմբոստացել է՝ պատրաստ է դուրս գալ փողոց». «Հայոց աշխարհ»

Մարտ 22,2018 12:32

«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ

-Որպես փողոցային պայքարի փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում՝ մարդկանց փողոց դուրս բերելու Փաշինյանի նախաձեռնությունը հեռանկար ունի՞։

-Հայաստանում պայքարի այդ ձեւն ընդունված է՝ տարիներ շարունակ ընդդիմությունը փորձել է փողոցի միջոցով լուծել իշխանության խնդիրը, բայց, ցավոք, լուրջ արդյունքներ, որպես այդպիսին, չի արձանագրել։

Սահմանադրական փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել՝ հայտնվել ենք մի քիչ այլ իրողությունների դաշտում, որովհետեւ անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ուզում ենք թե չենք ուզում, թելադրում է խաղի իր կանոնները, եւ մեր հասարակությունը եթե ոչ միանգամից, ապա շատ արագ կգիտակցի, որ պայքարի այդ ձեւն արդյունավետ չէ։

Իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, ընտրվում է Ազգային ժողով, որն էլ ձեւավորում է գործադիր իշխանության բոլոր մարմինները։

Քաղաքական մրցակցությունը, չասեմ՝ պայքարը, պետք է կենտրոնացած լինի խորհրդարանական ընտրությունների վրա. քաղաքական ուժերի մոտ նոր առաջնահերթություններ պետք է ի հայտ գան՝ ձեւավորել համախոհների լուրջ թիմ, որը պատրաստ կլինի շատ ակտիվ աշխատել եւ արդյունք արձանագրել խորհրդարանական ընտրություններում։ Ինչո՞ւ չէ, այդ ժամանակ չի բացառվում նաեւ փողոցային ակցիաների, տարաբնույթ միջոցառումների միջոցով սեփական քաղաքական օրակարգն առաջ տանելու հնարավորությունը։

Սա է միակ ճանապարհը, որով քաղաքական ուժը կարող է ոտք մեկնել իշխող կուսակցության հետ եւ մարտահրավեր նետել Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգին։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ժամանակային առումով շատ մոտ էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եւ մրցակցության դաշտն այնքան էլ լայն չէր, բայց վստահ եմ, որ հաջորդ ընտրությունները կանցնեն շատ ավելի բովանդակալի եւ շատ ավելի սուր մրցակցության պայմաններում։

Ինչ կտա պայքարի այն ձեւը, որ որդեգրել են «Ելքի», կոնկրետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները, դժվարանում եմ ասել, սակայն ծանոթ լինելով այն տրամադրություններին, որ տիրում են Հայաստանում, չեմ կարծում, թե նրանց կհաջողվի շատ լուրջ զանգված հավաքել եւ ինչ-որ արդյունք գրանցել։

Այստեղ երկու իրարամերժ գործոն կաշխատի. մեկը՝ այն, որ միշտ կա բողոքական զանգված, որը պատրաստ է փողոց դուրս գալ (ցավոք, այդ զանգվածն այնքան էլ մեծ չէ), երկրորդ՝ նեգատիվ հանգամանքն այն է լինելու, որ իշխանությունները դա յուրովի են գնահատելու՝ ասելով. տեսեք՝ մեր քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է Հանրապետական մեծամասնությանը եւ կողմնակից է մեր կողմից առաջարկվող լուծումներին։ Ինչեւէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում պայքարի իր մարտավարությանը, եւ ես հաջողություն եմ մաղթում մեր կոլեգաներին։

-Նիկոլ Փաշինյանի արմատական կեցվածքը շատերը բացատրում են սեփական ընդդիմադիր իմիջն ընդգծելու եւ հաջորդ ընտրություններում առավել շահեկան դիրքերից ներկայանալու ցանկությամբ։ Եթե ՔՊԿ-ին չհաջողվի շատ մարդ հավաքել, դա հակառակ էֆեկտը չի՞ ունենա. այստեղ ռիսկերն ավելի մեծ չե՞ն, քան հնարավոր դիվիդենտները։

-Չգիտեմ՝ փողոցային ակցիաները կօգնե՞ն մեր գործընկերներին՝ բարելավելու իմիջը, թե՞ ոչ, բայց ի սրտե ցանկանում եմ, որ դրանք ծառայեն իրենց նպատակին, որովհետեւ ընդդիմադիրների կշիռը Հայաստանում ինչքան մեծ լինի՝ այս իրավիճակում Հայաստանն ունի դրա անհրաժեշտությունը, այնքան թափանցիկ կլինի իշխանությունների գործելակերպը, եւ կպակասեն բացասական երեւույթները, որ գոյություն ունեն Հայաստանում։

Դա նաեւ հնարավորություն կտա ընդդիմությանը ինչ-որ պահի հասնելու երեւացող արդյունքի։ Չնայած մի քիչ թերահավատ եմ այդ հարցում, որովհետեւ այն, ինչին մինչեւ հիմա ականատես ենք եղել՝ բոլոր այն գործընթացները, որ հասարակությանը որպես հավաքականություն դրսեւորվելու հնարավորություն են ընձեռել, ոչ միայն արդյունքի չեն բերել, այլեւ առաջացրել են լուրջ հիասթափություն հասարակության մեջ եւ, ըստ էության, դրական տեղաշարժերի բերելու փոխարեն խորացրել են անվստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։

Տա Աստված՝ այդ դեպքում էլ նույնը չկրկնվի, բայց այսօր չեմ տեսնում, թե հասարակությունն ըմբոստացել է՝ պատրաստ է դուրս գալ փողոց եւ փողոցային պայքարի միջոցով լուծել իր առջեւ ծառացած խնդիրները։

 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031