Քանի որ Հայաստանում արդար կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ կան, կոնֆլիկտը տևական ժամանակ հյուծում է առանց այդ էլ բարդ իրավիճակում գտնվող Շիրակի պետական համալսարանը։ Նմանատիպ կոնֆլիկտները բացասաբար են ազդում ոչ միայն երկու կողմերի, այլեւ՝ ամենաանտարբեր աշխատողների վրա։ Մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, պառակտվում են, սկսում են ատել հակադիր ճամբարի մարդկանց, սպասողական հոգեվիճակում են հայտնվում։ Իսկ բուհն այն հաստատությունն է, որտեղ մարդիկ աշխատում են տասնամյակներով։ Այլ կերպ ասած, այս կոնֆլիկտը դեռ երկար է ազդելու համալսարանում ձևավորված մթնոլորտի վրա։ Մարդիկ դեռ հիշելու են, թե ով ում կողմից էր, ում ինչ ասաց, ինչ արեց, և այլն։
Բոլորը համապատասխան քայլեր են սպասում կառավարությունից և նախարարությունից, քանի որ վերջիններս են բուհի հիմնադիրը և ունեն վերահսկողական լծակներ։ Սակայն նախարարությունը հայտարարում է, որ բուհերն ունեն ինքնավարություն, կառավարման խորհուրդ և ինքնուրույն են լուծում իրենց կադրային հարցերը։
Այդուհանդերձ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ մարտի 24-ին բուհում քննարկում է լինելու։ Շատ կուզենայի, որ այդ քննարկման մասնակիցները որոշումներ կայացնելիս իրենց դիմաց ունենան բուհի ուսանողներից մեկի հետևյալ գրառումն իր ֆեյսբուքյան էջում. «Կրթությունը գործընթաց է, և նրանում կոնֆլիկտներն անխուսափելի են։ Պաշտոնը հո մենակ վայելելու համար չէ, լուծեք բոլոր խնդիրները, մի թողեք, որ ես ու իմ պես տասնյակ պատմություն ուսումնասիրող ուսանողներ ձեզ հիշեն՝ որպես մարդու, ով մեզ զրկեց լավագույն մասնագետների հետ աշխատելու հնարավորությունից։ Որպես մտահոգ ուսանող, պահանջում եմ բեկանել Խորիկյան Հովհաննեսի և Համբարյան Գագիկի աշխատանքից ազատելու որոշումը»։ Իսկապես, Հայաստանում պաշտոն զբաղեցնելը պետք է ենթադրի խնդիրներ լուծելու կարողություն և պատասխանատվություն ստանձնելու քաջություն։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում