Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրինք, թե Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին կրթելու վերաբերյալ հավելո՞ւմն էր այն կարեւոր պատճառը, որը կարող է թույլ տալ մարդուն հետ կանգնել նախկինում տված խոսքից եւ առաջադրվել վարչապետի պաշտոնում։
«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սպառիչ էր, լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
– Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը պետության շահի մասին չէ՞ր մտածել, երբ հայտարարում էր, որ չի հավակնում լինել վարչապետի պաշտոնում։
Ձեր հարցը մի քիչ սադրիչ է, բայց պատասխանեմ․ իրականում քաղաքական իրավիճակը եւ մարտահրավերներն էապես տարբերվում են եւ կարող են նոր խնդիրներ ի հայտ բերել։ Ի դեպ, դրա մասին նոր չեմ խոսում, տեւական ժամանակ ես ասում եմ, որ քաղաքականությունը կարծրացած մի երեւույթ չէ, անընդհատ իրավիճակներ են փոխվում, եւ յուրաքանչյուր ուժ փորձում է կոնկրետ մարտահրավերին արձագանքել։
– Այսինքն՝ կարելի է այդ իրավիճակներում փոխել նաեւ պաշտոնապես ասված խո՞սքը։
Եթե Դուք այդ խոսքը դիտարկում եք որպես քարի վրա դաջված, հավերժ, եւ եթե մեկ անգամ, ենթադրենք, մենք որոշում ենք կայացրել՝ գնալու այսինչ ինտեգրացիոն ճանապարհով ու ասում ենք դրա մասին, բայց քաղաքականությունը փոխվում է, իրավիճակը փոխվում է, իսկ մենք պետք է գերի մնանք նախկին իրավիճակում ասված խոսքին, ես դրա հետ չեմ կարող համաձայնել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում