Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության և տնտեսական ինտեգրման ծրագրերը: Ըստ այդմ, տարեկան ավելի քան 2500 սիրիահայ ընտանիքներ շրջանառվում են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում: Այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանդակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին: Վերջինիս այցելել և առաջնեկ որդու ծննդյան առթիվ քաղաքապետարանի համապատասխան աջակցությունն է տրամադրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ Ավան վարչական շրջանի սոցիալական բաժնի պատասխանատուների հետ:
Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրերի ուղղությամբ էլ քաղաքապետարանը համագործակցում է «Հայկական Կարմիր Խաչ», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին պայմանագիր են ստորագրել «Ալեպպո Քուիզին» կենտրոնին դրամաշնորհ տրամադրելու մասին, որը կուղղվի սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելուն: Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը կխթանի նաև հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավմանը հասարակական կյանքում:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն