Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է՝ պարտադիր պետք է վարչապե՞տ դառնա, որ երիտասարդներին տեղ տա կամ պատրաստի. «Հրապարակ»

Մարտ 22,2018 10:59

Ոչ ոք, իհարկե, չէր կասկածում, որ Սերժ Սարգսյանը կլինի հաջորդ վարչապետը, սակայն հանրությանն ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ պատճառաբանությամբ է այժմյան նախագահը սրբագրելու իր 2014թ․ հայտարարությունը՝ այլեւս երբեք երկրի ղեկավարի պաշտոնում չառաջադրվելու մասին: Եվ, ահա, Սերժ Սարգսյանն ասել է, որ վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու է մեկ հավելումով, որ ավելի շատ ժամանակ հատկացնի երիտասարդ քաղաքական լիդերների պատրաստմանը՝ նրանց փոխանցելով անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը։ Հետաքրքիր է՝ պարտադիր պետք է վարչապե՞տ դառնա, որ երիտասարդներին տեղ տա կամ պատրաստի, ինչո՞ւ նախագահ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը չէր վստահում, առաջ չէր քաշում երիտասարդներին։ Մի՞թե լծակներ չուներ:

Իր կառավարման տարիներին նա երկրի կարեւորագույն պաշտոնները վստահել է վաղուց թոշակային տարիքը հատած անձանց, մի տեղից հանել, մեկ այլ կարեւոր պաշտոնի նշանակել, նվազագույնը՝ իրեն խորհրդական նշանակել, ինչ է թե անգործ չմնան։ Մինչդեռ հարյուրավոր երիտասարդներ այս տարիներին լքել են երկիրը՝ աշխատանք եւ հեռանկար չունենալու պատճառով: Թոշակառուների կամ վաղուց թոշակային տարիքը հատած պաշտոնյաների պակաս չկա մեր վերնախավում։ Ընդամենը թվարկենք մի քանիսին․ ԲԴԽ նախագահ 70-ամյա Գագիկ Հարությունյան, ՔԿ նախագահ 65-ամյա Աղվան Հովսեփյան, ԱԺ նախագահ 71-ամյա Արա Բաբլոյան, Բելառուսում ՀՀ դեսպան 72-ամյա Օլեգ Եսայան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյան, ԱԳ փոխնախարար 70-ամյա Շավարշ Քոչարյան, պատգամավորներից 70-ամյա Գալուստ Սահակյան եւ Խոսրով Հարությունյան, 69-ամյա Արտաշես Գեղամյան, 72-ամյա Նապոլեոն Ազիզյան, գործադիրից՝ Արմավիրի մարզպետ 69-ամյա Աշոտ Ղահրամանյան եւ այլք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031