«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետևյալ խոստումը. «Մենք մեր առջև դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը և կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, և արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի:
Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, և առաջին նախադասությունը որ ասում է, հետևյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել, և դրանից հետո սահուն անցում է կատարում առաջին փոխվարչապետի նախընտրական ծրագրի ներկայացմանը: «Ամեն անգամ քննարկումների ժամանակ մենք խոսել ենք տնտեսական հնարավորությունների և հարկային եկամուտների աճին ադեկվատ նման հարցերի դիտարկումը: Որովհետև չենք կարող մենք ստանձնել ընթացիկ պարտավորություն, իսկ ընթացիկ պարտավորությունը այնպես չի, որ դու հիմա բարձրացնում ես նվազագույն աշխատավարձը, և հետո տնտեսական իրավիճակդ ցույց է տալիս, որ դա թույլ չի տալիս, հետո պետք է հետ գնաս, ճշտես, որ դրա հնարավորությունը չկա: Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետևանքները, և մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով:
Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել և լինելու է: Ահա, թե ինչ է ասում նա այդ առիթով. «Ձեզ պետք է ասեմ նաև, որ և՛ աշխատավարձերը, և՛ թոշակները մեր օրակարգում են և դա քննարկում ենք: Ընդհանրապես քննարկում ենք հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակներում, ինչպես ենք մենք այդ հարցը լուծում: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ այո, հնարավոր չէ, որ ապագայում մենք չդիտարկենք թոշակների բարձրացումը, հնարավոր չէ չդիտարկենք աշխատավարձերի բարձրացումը, դա անհնար է, որովհետև դա, բնականաբար, ազդելու է և՛ կենսամակարդակի վրա, և՛ աղքատության ցուցանիշի վրա»: Ինչպիսի երջանկություն, ապագայում աշխատավարձերը և թոշակներն անպայման բարձրանալու են: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը և թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ և նույնիսկ 2040 թվականին: Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ.-ի, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի և 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները:
«Մենք էլ ձեզ հետ միասին պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի ապագա տարիներին այդ խնդիրները լուծենք, այդ հարցը եղել է, կա և կլինի մեր օրակարգում: Չեմ կարծում, որ մենք շրջանցելու ենք այդ հարցին, որովհետև դա խիստ կարևոր հարց է»,- ասում է Վարդան Արամյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը: Համարյա Վլադիմիր Իլյիչ Լենին. եղել է, կա և կլինի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի