«Ամերիկայի Ձայն». Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.
«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարեւանությամբ է գտնվում, եւ որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»:
Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթեւան ստացած Մերձավոր Արեւելքի հայ փախստականներին: Նամակում նաեւ կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին եւ փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու եւ զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:
Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարեւորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային.
«Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արեւմուտք»:
Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական, այլև՝ քաղաքական կարեւորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար:
Արման Թարջիմանյան