Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է գրվի պատմության դասագրքերում

Մարտ 22,2018 10:15

Երբ պատմության դասագրքերը չափից դուրս հաճախ են փոխվում, եւ այնտեղ մերթ հայտնվում են, մերթ անհետանում են մարդկանց անունները, դա լավ նշան չի: Դա նշանակում է, որ պետության հիմքերը խարխուլ են, որ այն չի կարող «մարսել» իր անցյալը: Խորհրդային Միությունում, օրինակ, դա հստակ երեւում էր: Ասենք, բոլշեւիկյան հեղաշրջման կազմակերպիչներից եւ Կարմիր բանակի ստեղծողներից մեկը՝ Լեւ Տրոցկին, սկզբում «ներկա էր» պատմության դասագրքերում որպես «դրական հերոս», իսկ այնուհետեւ հիշատակվում էր բացառապես որպես «քաղաքական պոռնիկ»: Չնայած խորհրդային պետությունը հզոր եւ հավերժ էր թվում, դրա հիմքում կար ինչ-որ փտած, անառողջ սկզբունք:

Ուզում եմ, որ մեզ մոտ նման բան չլինի: Գրելուս առիթն էլ, բնականաբար, Ժիրայր Սեֆիլյանին դասագրքերից ջնջելն է: Սեֆիլյանը զինված քաղաքական պայքարի կողմնակից է եւ այդպիսին եղել է միշտ՝ դեռեւս «Դրոյի» գործից սկսած: Դա վատ է, սխալ է, վտանգավոր է պետության համար: Շատերը դա հասկանում են, բայց «դուխները չի հերիքում» ասելու, որովհետեւ գիտեն, որ Ֆեյսբուքում զինված պայքարի մի քանի հարյուր ջատագովներ այդ փաստն արձանագրողին «հում-հում կուտեն»: Բայց ջնջել Սեֆիլյանին պատմության դասագրքերից` նույնպես սխալ է, կասեի անգամ՝ փոքրոգություն է: Երբ խոսքը գնում է Արցախյան պատերազմի եւ հատկապես Շուշիի ազատագրման մասին, Մարտական խաչի այս ասպետի արած գործը, նրա խիզախությունն ու նվիրվածությունը պետք է անպայման նշվեն:

Վազգեն Սարգսյանը կարեւոր դեր է խաղացել 1996 թվականի ընտրությունների կեղծման, «ֆիդայա-զոռբայական» քաղաքական եւ տնտեսական համակարգի ստեղծման, ինչպես նաեւ 1998 թվականի պալատական հեղաշրջման մեջ: Դա նույնպես շատերը գիտեն, բայց «ռիսկ չեն ունենում» ասելու, այս դեպքում էլ կմեղադրեն՝ «բա ինչպես կարելի է Սպարապետի հիշատակը…»: Բայց հիմա սկսել ինչ-որ գործողություններ՝ փողոցները վերանվանելու ուղղությամբ, կրկին սխալ է: Վազգեն Սարգսյանը ավելի քան արժանի է, որ նրա անունով փողոցներ, հրապարակներ, դահլիճներ կոչվեն՝ նա մեր բանակի եւ մեր ռազմական հաղթանակների գլխավոր կերտողներից մեկն է:

Սամվել Բաբայանը նույնատիպ, ավելի դաժան համակարգի ստեղծողներից է Արցախում՝ դրա մասին դարձյալ ընդունված չէ խոսել: Նա նույնպես ունի բազմաթիվ սխալներ եւ մեղքեր (չնայած կոնկրետ «Իգլայի» գործով ես, ճիշտն ասած, չհասկացա՝ ո՞րն էր նրա մեղքը): Բայց ոչ ոք իրավունք չունի ուրանալու Բաբայանի բացառիկ ծառայությունները պատերազմի ժամանակ:

Հերոսները, ինչպես եւ մենք, սովորական մարդիկ են, ունեն ե՛ւ արժանիքներ, ե՛ւ թերություններ: Ինչո՞ւ պարզապես չգրել պատմության դասագրքերում, որ նրանք պատերազմի ժամանակ գործել են այսինչ սխրանքները, իսկ պատերազմից հետո կատարել են այսինչ ոչ միանշանակ արարքները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. henri says:

    100 տոկոս համաձայն եմ յայտնուած կարծիքին,
    Կը համարիմ որ քաղաքական տհասութեան նշան է նման վերաբերմունքը
    իսկ քրէական յանձանքի համազօր է նման անձերը հասարակ ոճրագործներու պէս դատելը …

    • Հ.Շ. says:

      ներողութիւն ?! այսինքն, մէկը որ անցեալին երկրին ծառայած է, այդ երկրի Օրէնքէն աւելի բա՞րձր կը դասուի… Օրէնքը իր պարագային տարբեր կերպով պէտք է կիրարկուի… ինչպէ՞ս կարելի է պատկերացնել այդպիսի երկիր մը…

      յատկապէս Հայաստան/Արցախի պարագային, բազմատասնեակ հազարներով քաղաքացիներ կռուած են անցեալին.. անոնք բոլորը հիմա ինչ որ ուզեն, կ’ընեն ?!

      լուրջ ըլլանք, հաճիս

      Անդրանիկ փաշան անգան, երբ որ Պետութեան դէմ ելաւ, իր տեղը նստաւ

      եւ Ժիրայրը անոր շուքի շուքին իսկ չի հասնիր անշուշտ

  2. Ruben says:

    Հայերի հայրենիքը կոչվում է Հայք, ոչ թե ֆլան- ֆստան (պատմության դասագրքերում՝ Հայաստան):
    Որքանով Վազգեն Սարգսյանն է սպարապետ (Գունդստաբլ), այնքանով էլ Հայոց Ազգային բանակի («ՀԱԲ») հրամանատար Ռազմիկ Վասիլյանը, Ազգային ինքնորոշման («ԱԻՄ-ի բանակ») բանակի հրամանատար Աշոտ Նավասարդյանը (ՀՀԿ-ի հիմնադիր), «Արաբո»- ի Մանվելը, «ՀՀշ»- ի Այվազյան Վիտյան եւ այլոք:
    Կեղծիքը, սուտը դարձել է պետական ապարատի կուսակցական կրոնի հավատամքն ու վարած քաղաքական ուղին:

    • Ruben says:

      Ասֆալտի Ֆիդայիններին ու ուղնուծուծով այլոց ստրուկ ու անհայրենիք արարածներին գեներալի կոչում են տալիս (տվին), իսկ իրական հերոսներին սպանում են կամ բանտարկում:
      Սա նույնպես պատմական փաստ է:

  3. Լավատես says:

    Մեր փաստացի իշխանությունները օրինական իշխանություններ չեն, որովհետեւ նշանակվել են դրսից եւ ոչ թե ժողովրդի կողմից եւ ծառայում են դրսին եւ քաղաքականության մեջ նրանց ոչ հայկական ձեռագիրը լավ զռռում է: Դրա համար ժամանակավորապես մոռանանք մեր փաստացի ու ոչ օրինական իշխանության մասին ու մեր քաղաքագետներն ու բոլոր բնագավառների դասախոսներն ու մնացած մտավորականությունը լրջորեն զբաղվի ստեղծագործ աշխատանքով՝ ստեղծել մի կուսակցություն՝ իր ստվերային կառավարությունով, իր օրենքներով, ազգային ժողովով ու դատարանով, որ երբ հերթական անգամ մեզ դրսից հրամցնեն որեւէ անասելի խելոք, հարուստ ու լավ կապերով մեկին, մենք ուժ ունենանք նրանցից հրաժարվելու ու մեր սեփական ազգային պատրաստի իշխանությունը ստվերից հանելու:

  4. Հ.Շ. says:

    օգտակար կ’ըլլայ որ Ժիրայրը եւ իր նմանները տեղ գտնեն հայ դասագիրքերու մէջ, որպէսզի նոր սերունդները նաեւ սովորեն թէ ոչ ոք Օրէնքից բարձր չէ, հերոս լինելը չի նշանակեր ինքզինք կիսաստուած համարել, եւ թէ նոյնիսկ անցեալի ամենավաստակաւոր մարտիկը իրաւունք չունի Հայոց Պետութեան դէմ զէնք բարձրացնելու, ոչ իսկ որպէս սպառնալիք

  5. henri says:

    Յարգելի Հ. Շ,
    Ձեր ըսածները իրաւացի կրնային ըլլալ եթէ մեզ մօտ արդար դատարաններ ըլլային –
    Գիտէք՞ արդեօք թէ քանի քանի անմեղներ կը գտնուին երկաթէ ճաղերու ետեւ ,վերեւից եկած
    հրամաններով և ոչ օրինաւոր և արդար դատապարտութիւններով ;
    Հռետորական խօսքերը լաւ են- բայց նշան են նաեւ որ մատի ետեւ պահուըտած կը թուիք;

    • Հ.Շ. says:

      դեհ, մատս հաստ է, մի մտահոգուիր…

      եթէ իսկապէս կը կարծես որ այս նիւթերով դատուող եւ բանտարկուող անձերը իսկապէս անմեղ են, կարծեմ դուն ես որ իրականութեան հետ խնդիր մը ունիս

      ժիրայրին շատ խնայեցին, բազմաթիւ անգամներ, բազմաթիւ միջոցներով ազդարարութիւն տրուեցաւ իրեն, աւելի մեղմ դատական պատիժ ալ ստացաւ, ի սէր իր վաստակին, եւ այն յոյսով որ ուշքի կու գայ, սահմանները կը գիտնայ

      եթէ ուրիշը ըլլար իր տեղը, շատոնց է որ ծակը նետած կ’ըլլային

      այսինքն, արդէն բաւական խտրականութեան եղաւ, ի նպաստ իրեն

      պէտք է որ դեռ սպասէին յաւելեա՞լ արիւնահոսութեան, զինք եւ իր նմանները վերջապէս չէզոքացնելէ առաջ…

      կը պատահի՞ որ մէկ վայրկեան մտածես սպաննուած հայ ոստիկաններուն մասին… անոնց մայրերուն, այրիներուն, որբերուն…

  6. manvel says:

    Իսկ պատմության դասագրքերում կգրեն թե ինչու 2010թ.ից մինչև այսօր Ստեփանակերտից ինքնաթիռ չի թռչում գոնե Երեվան

  7. gib.gibindus says:

    Պատմությունը գիտություն չի, այդ իսկ պատճառով ամեն ինչ էլ կարելի է գրել: Օրինակ, ՞Հայբուսակ՞-ը լավ համալսարան է: Ո՛վ է ստուգողը՝փողին մուննաթ: Ավելի մեծամասշտաբ երևույթների մասին էլ կգրեն ՞ավելի թանկ՞ ստախոսները:

  8. NVER says:

    Եթե հարգարժան Արամի լոգիհաով շարժվենք, այդ դեպքում պետք է հայտնի հայ կոմունիստների լավ գործերը գրվեն և փողոցների անունները իրենց անունով շարունակել անվանել ու նորերը նույնպես :

  9. NVER says:

    Վ. Սարգսյանը ճիշտ է հայոց բանակի հիմնադրողներից է, բայց մյուս կողմից հայ ժողովուրդի ողնաշարը կոտրողը, այսօրվա Հայաստանի իշխանությունների Կնքահայրը , իրա սխալ քայլերի շնորհիվ , Հայաստանը դատարկվեց ու դեռ դատարկվելու է, ինքը նման էր մարդու բարորակ բջջից չարորակի փոխակերպելու պրոցեսին:

  10. Վարդգես Գասպարի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան Aram Abrahamyan , որոշակի առարկություն ունեմ այս հարցում. .
    Սեֆիլյանը բացառապես խաղաղ պայքարի պրակտիկա է ցուցաբերել 2009-2014 թթ…Այդ շրջանում զինված պայքարի ոչ մի նշույլ անգամ չկա նրա կողմից… Ընդհակառակը բացառապես խաղաղ պայքար է քարոզել և իրականացրել՝ Վահե Ավետյան, Փակ Շուկա և այլն… Իսկ ի՞նչ ընթացք և ավարտ ունեցան այդ խաղաղ հավաքները… Խաղաղ ցույցերը անընդհատ բախվում էին Ս.Ալեքսանյանի սադրանքներին և բռնարարքներին… Հույսով եմ, որպես իրազեկ լրագրող տեղիակ եք,որ Փակ Շուկայի ավիրման դեմ խաղաղ ցույցերին ի վերջո միջամտեց քրեական բանգալադեշցի Համոն իրա տղաներով… և ուղակի սպառնաց դանակահարել ցույցի մասնակիցներին… և այդպես դադարեցվեցին Փակ շուկայի ավիրման դեմ ցույցերը…
    Նույնիսկ եթե սրա մասին չգիտեիք, այնուամենայնիվ Հրաչիկ Միրզոյանի դանակահարման փաստը պետք է հայտնի լինի Ձեզ, և որ դանակահարողը նույնիսկ 1 օր կալանքի տակ չգտնվեց… այլ ազատ շրջում է առ այսօր՝ մեզ բոլորիս անտարբեր, կամ անբավարար հետևողականության արդյունքում…
    Հետևաբար գտնում եմ Ձեր վերը հիշատակած միտքը և մոտեցումը որոշակի խմբագրման կարիք ունի:
    Հարգանքով
    ՀԳ – Ինձ թվում է՝ եթե Հ.Միրզոյանի փոխարեն Ձեր լրագրողներից որևէ մեկին դանակահարած լինեին Ձեր վերաբերմունքն այսքան անվրդով չէր լինի.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031