Լուսանկարներում պատկերված թեքահարթակը թեքահարթակ չէ: Այն ավելի շուտ կարող է երեխաներին որպես սղարան ծառայել, բայց ոչ մի դեպքում՝ թեքահարթակ: Տեղաշարժման խնդիր ունեցող կամ անվասայլակով որեւէ մեկը չի էլ փորձի օգտվել այս թեքահարթակից, քանի որ դրա թեքությունը չի համապատասխանում սահմանված չափորոշիչին:
2017 թվականի բյուջեի կատարողականը նախօրեին Երեւանի ավագանու նիստում հաստատվեց, այս բյուջեից անցյալ տարի թեքահարթակների կառուցում ծրագրով փաստացի ծախսվել է 33,3 միլիոն դրամ: Այսպիսի անմատչելի եւ վտանգավոր թեքահարթակներ մայրաքաղաքում շատ կան: Հետաքրքիր է՝ այդ 33 միլիոնով կառուցած թեքահարթակների քանի՞ տոկոսն է համապատասխանում չափորոշիչներին: Քաղաքի միջավայրի մատչելիության ապահովումը օրենքի պահանջ է, բայց հաճախ կառուցապատողները դրանք կառուցում են «ոնց պատահի», «պտիչկայի» համար:
Հետո էլ քաղաքապետը զայրանում ու նեղանում է, երբ հաշմանդամություն ունեցող ավագանու անդամը խնդիր է բարձրացնում, թե հաճախ շենք-շինությունների կառուցման եւ վերակառուցման նախագիծը նորմալ է լինում, բայց կառուցման ավարտին այդ շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են մնում:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
21.03.2018