Ըստ Վաղարշակ Հարությունյանի, արցախյան պատերազմի չվերսկսման հիմքում դրված է բալանսը, որը մենք ապահովում ենք՝ հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ:
Կովկասի ինստիտուտի կազմակերպած «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ տեսակետներ էին հնչում, որ ՌԴ-ն է Ղարաբաղյան կոնֆլիկտի հրահրողը, եւ ՌԴ-ն թող հեռանա: Կոչեր հնչեցին նաեւ, որ ՌԴ-ն հանի 102-րդ ռազմաբազան:
Գիտաժողովին մասնակցում էր նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ բացարձակ համաձայն չէ այդ կոչերի հետ. «Գիտեք ինչ կա, մենք այդ փուլն անցել ենք: 91-ին, երբ Սովետական Միությունը փլուզվեց, ՌԴ-ն այստեղ որեւէ մի պայմանագիր չուներ, այս տարածաշրջանում որեւէ պարտավորություն չուներ, մենք ստացանք պատերազմ: Ես, որպես այն ժամանակ պաշտոնյա, եղել եմ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, այսինքն՝ տեղյակ եմ ամեն ինչից, գիտեմ, որ բալանսը խախտվել էր հօգուտ Ադրբեջանի: Մենք ունենում էինք անհաջողություններ ճակատում, մինչեւ մենք կապ չհաստատեցինք Ռուսաստանի հետ եւ լուծեցինք ռազմատեխնիկական հարցերը, նոր ապահովեցինք մեր հաղթանակը: Այնպես որ, ես չեմ կիսում այդ տեսակետը: Պատերազմի չվերսկսման հիմքում դրված է բալանսը, որը մենք ապահովում ենք հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ»:
Գիտաժողովում տեսակետներ հնչեցին նաեւ, որ գուցե պետք է Մինսկի խմբի ֆորմատը փոխել, այլ ձեւաչափ ընտրել բանակցությունների համար: Վաղարշակ Հարությունյանը սրան նույնպես իր անհամաձայնությունը հայտնեց. «Սա ամենաազդեցիկ ձեւաչափն է: Համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան՝ ԵՄ-ն, եւ ՌԴ-ն, ամենաազդեցիկ կենտրոններն են: Այս պարագայում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իր պարտավորությունները՝ վերցրած բանակցությունների ընթացքում, չի կատարում: Իսկ եթե մենք ֆորմատը փոխենք, սրանից ավելի ազդեցիկ ֆորմատ չի կարող լինել: Կա՛մ մենք կարող ենք ընդհանրապես մոռանալ միջնորդների առաքելության մասին, կա՛մ դա կլինի՝ ոնց ուզում են Ադրբեջանը, Թուրքիան եւ այն պետությունները, որոնք տեսնում են միակողմանի աջակցության անհրաժեշտությունը Ադրբեջանին: Այս ֆորմատը համապատասխանում է ստեղծված իրավիճակին եւ ապահովում է կայունությունն այս տարածաշրջանում»:
Քաղաքագետները Ալիեւի այն հայտարարությունը, թե Երեւանը Ադրբեջանի պատմական տարածքներից է, տարբեր կերպ են մեկնաբանում, ոմանք այդ հայտարարությունը բոլորովին պատահական չեն համարում: Վաղարշակ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ալիեւը սպասարկում է Թուրքիայի նեոօսմանիզմի գաղափարը: Թուրքիան չի կարող հնչեցնել այդպիսի տարածքային ցանկություններ, որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ պետությունը, որն իրականացրել է ցեղասպանություն հայերի հանդեպ, եթե հիմա այդպիսի բաներ հնչեցնի, ապա դա այն պետությունների կողմից, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, կդիտվի որպես ցեղասպանության շարունակություն: Դրա համար դա հնչեցնում է Իլհամ Ալիեւը, իսկ Թուրքիան հնչեցնում է Խոջալուի «ցեղասպանության» հարցը: Իրենք միասին իրականացնում են նեոօսմանիզմի գաղափարախոսությունը եւ բաշխել են իրենց դերերը»:
Խոսելով մեր բանակի խնդիրների մասին՝ հարցրինք՝ բանակում ինքնասպանությունների թիվը, ըստ քաղհասարակության, նաեւ նրանից է, որ ռազմական հոգեբանների փոխարեն այդ դերը ստանձնել են քահանաները: Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ եկեղեցի-բանակ կապը պահելն անհրաժեշտություն է, դրա արդյունքում է նաեւ, որ մենք ունենք մարտունակ բանակ. «Վերջնական գնահատականը բանակի գործունեությունն է: Մենք տեսնում ենք, որ մեր բանակը գործում է հստակ: Իհարկե, կան թերություններ, բացթողումներ, բայց երբ համեմատում ենք, տեսնում ենք՝ մեր բանակում ամերիկյան բանակից եւ ռուսական բանակից ավելի քիչ են զոհվում: Մի կողմից՝ չի կարելի թույլ տալ, որ լինեն զոհեր, որոնք կոծկվում են, մյուս կողմից էլ՝ չի կարելի թերագնահատել մեր սպաների աշխատանքը, որոնք շատ էֆեկտիվ են գործում: Եթե ասենք, որ լավ չեն գործում, մենք, ի՞նչ է, դրանով ուժեղացնո՞ւմ ենք մեր բանակը. թուլացնում ենք»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
21.03.2018