Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի անզորությունն ու կանխատեսելի հիստերիան

Մարտ 22,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Արցախն անշեղորեն ընթանում է միջազգային ճանաչման ճանապարհով

Պաշտոնական Բաքուն, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, մեծ աղմուկ բարձրացրեց Արցախի Հանրապետության նախագահի ամերիկյան այցի շուրջ: Սա այն դեպքում, երբ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ Բակո Սահակյանը պաշտոնական հանդիպումներ չի ունեցել, սակայն այցը չմեկնարկած՝ Բաքուն արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել ու ԱՄՆ-ից «կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու» քայլեր էր պահանջում:

Բաքվի նյարդային պահվածքն իրականում ցույց է տալիս այն անելանելի վիճակը, որում գտնվում է Ադրբեջանը: Զավեշտը հասել էր նրան, որ ադրբեջանական կողմի՝ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, օրինակ, կոչ էր արվում ամերիկյան իշխանություններին հետեւել «միջազգային իրավունքների նորմերին» եւ «թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»:

Բակո Սահակյանի այցի առաջին օրն արդեն՝ մարտի 12-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է փոխանցվել՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին: «ԱՄՆ-ի այս քայլը լուրջ վնաս է հասցնում բանակցությունների գործընթացին, ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին եւ վնաս է հասցնում խաղաղության ու անվտանգության ապահովման շարունակական ջանքերին: ԱՄՆ-ը նման կարգի քայլով լուրջ հարված է հասցրել իր նկատմամբ ադրբեջանցի ժողովրդի եւ հասարակական կարծիքի վերաբերմունքին: ԱՄՆ նման պահվածքին ի պատասխան՝ Ադրբեջանը համարժեքորեն կհենվի փոխադարձության սկզբունքի վրա»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: «Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է ադրբեջանական կողմը:

Ադրբեջանի համար կարելի է պատկերացնել, թե որքան նյարդայնացնող էր Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ The National Interest ամսագրում հեղինակած հոդվածը, որում նա շեշտում էր, որ «Արցախի ժողովուրդը ունի եւ պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս», եւ որ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ազգերի ընտանիքում:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաեւ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պե՞տք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921թ. Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրել էր Ջոն Էվանսը: Նա խոսում էր Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության գաղափարի մասին: Նախկին դեսպանի համոզմամբ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը այլեւս գերակա է դարձել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ. «Արցախի ժողովուրդը ունի եւ պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս եւ չպետք է մեկուսացվի մարդկության կողմից»:

Բաքվում լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ: Սա ապրիլյան պատերազմից հետո Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին նոր քայլ է: Ամերիկյան վարչակազմը, չնայած ունեցած շահերին, վերջին տարիներին բավական կոշտ քաղաքականություն վարեց ալիեւյան ռեժիմի նկատմամբ: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտ էին որոշակի սրվածության փուլերը, դժգոհություններն ամերիկյան վարչակազմի քաղաքականության նկատմամբ հնչում էին ադրբեջանական իշխանական տարբեր թեւերից բավական հստակ ու միանշանակ:
Ապրիլյան պատերազմից հետո, երբ աշխարհը համոզվեց, որ գործ ունի ռազմատենչ ու խաղաղությունից խուսափող Ադրբեջանի ղեկավարի հետ, այսօր, առավել քան երբեւէ, ակնհայտ է շատերի համար, որ Արցախին այլ ճանապարհ չի մնացել, քան միջազգային ճանաչումը:

Իսկ օտարերկրացիների այցերը Արցախ, որոնք տարեցտարի հարստացնում են Ալիեւի «սեւ ցուցակը», եւ Արցախի իշխանությունների վերջին այցը Միացյալ Նահանգներ, թեկուզ կամաց-կամաց, բայց հստակ ցույց են տալիս այն ճանապարհը, որով Արցախն անշեղորեն ընթանում է դեպի միջազգային ճանաչում:

Ի դեպ, ուշագրավ էր, որ մարտի 14-ին արդեն ադրբեջանցի ակտիվիստները Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա էին անցկացրել: «Սա մեր առաջին քայլն է, սակայն այս ամենը շարունակվելու է: Մեր նպատակն է մեր ձայնը Ադրբեջանին լսելի դարձնել»,- խոսելով ակցիայի նպատակների մասին՝ նշել է ադրբեջանցի ակտիվիստներից մեկը:
Ակտիվիստներն ակցիային մասնակցել են դիմակներով եւ պաստառներով, որոնց վրա գրված են եղել՝ «Դիմադրիր Ալիեւին», «Ազատություն ադրբեջանցի ժողովրդին», «Բռնապետը նույնն է, դարն է ուրիշ», «Պաշտպանեք մարդու իրավունքները» կոչերը: Ակցիայի մասնակիցներն անդրադարձել էին նաեւ ներկայումս Ադրբեջանում ձերբակալված հարյուրավոր քաղբանտարկյալներին եւ երկրի ղեկավարությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ակցիայի ժամանակ ադրբեջանցի վտարանդի ակտիվիստները քննադատել են Ադրբեջանում իրենց ընտանիքների անդամների նկատմամբ իրականացվող ճնշումները եւ պահանջել Իլհամ Ալիեւի կառավարության հրաժարականը:

«Իլգար Մամեդովից, Աֆղան Մուխտարլիից, Գիյաս Մամեդովից եւ Գյոզալ Բայրամլիից բացի՝ Ադրբեջանում կան 200-ից ավելի քաղբանտարկյալներ: Որպես արտասահմանում բնակվող եւ մեր երկիրը սիրող մարդիկ՝ մենք նույնպես հայտնում ենք մեր դժգոհությունն ու պահանջում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել են ակտիվիստները: «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հարցին, թե ինչու են ակտիվիստները դիմակով, նրանք պատասխանել են, որ դիմակների միջոցով փորձում են թաքցնել իրենց դեմքը, որպեսզի Ադրբեջանում իշխանությունները ճնշումների չենթարկեն իրենց հարազատներին:
Ալիեւյան ռեժիմը բողոքի այլ ակցիա էր կազմակերպել: «Ղարաբաղի ազատագրման կոմիտե» ադրբեջանական կազմակերպության անդամներն ու ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առաջ: Բողոքի ակցիան ուղղված էր Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի դեմ: Մասնակիցները հայտարարել էին, թե Ադրբեջանը չունի այն երկրի դեսպանատան կարիքը, որը աջակցում է «անջատողականությանն ու ագրեսիային», նրանք նույնիսկ պահանջել էին փակել Բաքվում գտնվող ԱՄՆ դեսպանատունը:

Եթե այս ամենին էլ գումարենք օրեր առաջ Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին Ալիեւի կոչը, կարելի է պատկերացնել, թե որքան է ճնշված Ադրբեջանի ղեկավարը Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկայիս պայմաններից: Ադրբեջանի նախագահը կոչ էր արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, կրկին խոսել էր «գրաված տարածքների» մասին: Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովում նա նշել էր. «Ներկայիս ստատուս քվոն չի կարող հավերժ շարունակվել, ինչի մասին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են հայտարարել: Այս հակամարտությունը ոչ միայն անարդարություն է, այլեւ տարածաշրջանում մշտական սպառնալիքի ու անկայունության աղբյուր»,- ասել է Իլհամ Ալիեւը: Ղարաբաղյան խնդրի մասին է խոսել նաեւ համաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե Անկարան այս հարցում մշտապես եղել եւ մնում է Ադրբեջանի կողքին: «Եթե մեր եղբայրական պետությանը սպառնան, անմիջապես պատասխան կստանան»,- հայտարարել է Բինալի Յըլդըրըմը: Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, թե՝ «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողերում է»:

Արցախի նախագահի ղեկավարած պատվիրակության այցը ԱՄՆ, որ կհարուցեր Բաքվի զայրույթը, պարզ էր ի սկզբանե, եւ որքան աղմուկը ուժգին լինի, նշանակում է՝ Ալիեւն այդչափ անզոր է իրեն զգում թեկուզ չճանաչված Արցախի ղեկավարությանը ԱՄՆ-ում ընդունելության արժանացնելու հարցում:

Պակաս ուշագրավ չէր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրից՝ Ռուսաստանից մի հիշեցում-դիտարկումը Բակո Սահակյանի ամերիկյան այցի օրերին: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ ճեպազրույցում հարկ էր համարել հերքել ավելի վաղ մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե Մոսկվայում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կա: «Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն: Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված»,- պարզաբանել էր Զախարովան: Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցին, եւ թե որքանով է հնարավոր նման այցը նաեւ Ռուսաստան, Զախարովան ասել էր, որ այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, քանի որ որեւէ անձի մի տարածաշրջանից մյուսը տեղաշարժվելը իրենց չի վերաբերում: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ինձ ոչինչ հայտնի չէ նման հանդիպումների մասին, ես կարող եմ միայն ճշտել: Ես կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մեր բոլոր հանձնառություններին՝ եղած պայմանավորվածությունների շրջանակում, եւ ակտիվորեն փորձում ենք նպաստել այդ շատ բարդ խնդրի՝ իսկապես բազմաձեւաչափ կարգավորմանը»,- ասել է նա: Հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ քննարկվո՞ւմ է Արցախյան կարգավորման հարցը, Զախարովան նկատել էր. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման քննարկվում է մի շարք մեր գործընկերների հետ, խոսքը ե՛ւ համանախագահների, ե՛ւ տարածաշրջանի երկրների մասին է, դա բնական է, դա դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031