Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի որդու հետ «պատրաստել էին» կեղծ առուվաճառքի եւ ապրանքների մատակարարման պայմանագրեր, ներկայացրել քաղաքապետարան

Մարտ 22,2018 15:00

ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Արմինե Ղասաբողլյանն ամբաստանյալ Հարություն Գուլոյանի պաշտպանն է

Երեկ կենտրոնի նստավայրում դատավոր Մ. Մարտիրոսյանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը. փաստաբանը միջնորդել էր նշանակել կրկնակի դատաձեռագրաբանական եւ դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն: Դատավորը միաժամանակ բավարարել էր նաեւ մյուս միջնորդությունը՝ մասամբ հաստատել է Հ. Գուլոյանի նախաքննական ցուցմունքների որպես ապացույց օգտագործման թույլատրելիությունը:

Հարություն Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին իրավունք վերապահող փաստաթղթեր օգտագործելու նպատակով խմբի կազմում՝ «Սոս» 97 ՍՊԸ- ի տնօրենի որդի Արտյոմ Մարգարյանի հետ, նախնական համաձայնությամբ եւ միասնական դիտավորությամբ պատրաստել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ առուվաճառքի եւ ապրանքների մատակարարման պայմանագրեր, ու դրանց հանձնման-ընդունման արձանագրություններ, որոնք Հարություն Գուլոյանն օգտագործել է՝ ներկայացնելով Երեւանի քաղաքապետարան:

Պաշտպանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում Հարություն Գուլոյանը հարցաքննվել է վեց անգամ, որից երեքը որպես վկա, իսկ մնացածը որպես մեղադրյալ:

«Առաջին՝ որպես վկայի հարցաքննությունը տեղի է ունեցել 03.06.2017թ.-ին, որտեղ Գուլոյանը նախազգուշացվել է ՀՀ քր. օր 338 եւ 339 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Որպես վկա հարցաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը Գուլոյանին առաջադրել է մեղադրող հարցեր, որին վերջինը տվել է ինքնախոստովանական պատասխաններ եւ չնայած դրան, վարույթն իրականացնող մարմինը, փոխարենը դադարեցնելու վկայի հարցաքննությունը եւ անձին շնորհելու կասկածյալի կարգավիճակ, բացատրելով այդ կարգավիճակում իր իրավունքներն ու պարտականությունները՝ մասնավորապես ցուցմունք չտալու բացառիկ իրավունքը, շարունակել է նրան հարցաքննել վկայի կարգավիճակում, որն ուղղակիորեն պարտադրում է ցուցմունք տալ, այդ կերպ նրան զրկել է ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքն օգտագործելու հնարավորությունից: Որպես վկա հարցաքննության ընթացքում Գուլոյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք»,-ասում է պաշտպանը:

Ի դեպ, Գուլոյանի իրավունքների խախտումը շարունակվել է նաեւ երկրորդ եւ երրորդ՝ որպես վկայի հարցաքննության արձանագրություններով, որտեղ կրկին Հարությունին տրվել են մերկացնող հարցեր:

Ըստ պաշտպանի միջնորդության, ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով Գուլոյանին չտալով կասկածյալի կարգավիճակ, նրան մի քանի անգամ հարցաքննել են որպես վկա, այդ կերպ զրկելով Գուլոյանին առաջին իսկ հարցաքննության պահից պաշտպան ունենալու եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորությունից:

Պաշտպանը գտնում էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները պետք է ճանաչվեն անթույլատրելի. «Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսեւորվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կամ սույն օրենսգրքի որեւէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ որեւէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Ապացույցների անթույլատրելիության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Արմեն Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ, որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը եւ մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաեւ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել եւ գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված եւ թույլատրելի համարվող կարգով»:

Ինչ վերաբերում էր փորձաքննությանը, պաշտպանը դատարանին հայտնել էր, որ տրամադրված պայմանագրերի եւ հանձնման-ընդունման ակտերի պատճենները չեն հանդիսանում ներկայացված պայմանագրերի եւ հանձնման -ընդունման պայմանագրերի բնօրինակների պատճեններ. «Փաստորեն, փորձաքննության եզրակացության համաձայն՝ պայմանագրերի եւ հանձնման-ընդունման ակտերի ստորին հատվածի աջ մասում առկա ստորագրությունները 4 պայմանագրերի մասով չի կատարվել Հարություն Գուլոյանի կողմից, 5-րդ պայմանագրի եւ հանձնման-ընդունման ակտի տակ առկա ստորագրության վերաբերյալ կատեգորիկ հետեւություն չկա, առկա է «հավանաբար, կատարվել է Հարություն Գուլոյանի կողմից» հիշատակումը:

Միայն 6-րդ եւ 7-րդ պայմանագրերի եւ հանձնման-ընդունման ակտերի ստորին հատվածում առկա ստորագրությունն է, որ ըստ փորձագետի եզրակացության՝ կատարվել է Հարություն Գուլոյանի կողմից»:

Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, ինչը հաշվի առնելով, դատարանը բավարարեց, գործում առկա 8 պայմանագրերից 5-ի մասով Հարություն Գուլոյանի դեմ փորձագետի եզրակացություն չկա: Մինչդեռ, գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ բոլոր պայմանագրերը կազմել ու ստորագրել է Գուլոյանը նույն օրը, նույն ժամին. «Տվյալ պարագայում կասկածահարույց է փորձագետի նման եզրակացությունը»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031