Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Ավագյանը թարգմանել է Դրեյփերի բեսթսելլերը

Մարտ 22,2018 13:30

«Աղմկոտ լռություն» գիրքը պատմում է
մանկական ուղեղային կաթված ունեցող աղջկա մասին

Վերջերս տեղի ունեցավ Շերոն Մ. Դրեյփերի «Աղմկոտ լռություն» (անգլերեն թարգմանությամբ՝ out of my mind) գրքի քննարկումը «Source foundation» հիմնադրամում, որը ստեղծվել է աջակցելու հաշմանդամ երեխաներին եւ նրանց ընտանիքներին։

Գրքի քննարկումն անցկացվեց «Source foundation» հիմնադրամի գլխավոր մասնագետներից մեկի՝ Արմենուհի Ավագյանի հետ, որը չլինելով թարգմանչուհի՝ հայերեն է թարգմանել «Աղմկոտ լռություն» վիպակը: Վերջինիս թարգմանության համար Արմենուհի Ավագյանին ֆինանսապես աջակցել է ԱՄՆ-ի դեսպանատունը։ Գիրքը հրատարակվել է «Ասողիկ» հրատարակչության կողմից։

Գրքի քննարկումը Արմենուհի Ավագյանը սկսեց այն պատմությամբ, թե ինչու որոշեց հայերեն թարգմանել հենց այս վիպակը. «Երբ 2015թ. ԱՄՆ-ում վերապատրաստվում էի որպես համալսարանական ադմինիստրատոր, այնտեղ ինձ համար բացահայտում էր իրենց գրադարանը, որտեղ կային բազմաթիվ գեղարվեստական գրքեր՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար։ Բայց «Աղմկոտ լռություն» վիպակը ինձ ամենից շատ դուր եկավ։ Գիրքը պատմում է մի տասնմեկամյա աղջնակի՝ Մելոդիի մասին, որը մանկական ուղեղային կաթված ունի, չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը եւ չի կարողանում խոսել, բայց միեւնույն ժամանակ շատ ուժեղ է, ունի փայլուն մտավոր ունակություններ, ինչին թերահավատորեն են մոտենում շրջապատի մարդիկ, դասընկերները ծաղրում են, բայց Մելոդին հաղթահարում է բոլոր փորձություններն ու դառնում է ավելի ուժեղ։ Ես մտածեցի, որ արժի գիրքը թարգմանել, որովհետեւ այն ամենամեծ խտրականոթյան արժանացող խմբի մասին է», – ասաց Արմենուհի Ավագյանը։
Նա նաեւ խոսեց գրքի կազմի եւ վերնագրի մասին. «Բոլորը խղճում էին Մելոդիին, իսկ Մելոդին՝ ձուկիկին, որովհետեւ եթե Մելոդին գոնե կարողանում էր սայլակով տեղաշարվել մի տեղից մյուսը, ապա ձուկիկը ապրում էր միայն իր ակվարիումի մեջ։ Գրքի վերնագիրն անգլերեն թարգմանությամբ նշանակում է խելքից դուրս, սակայն ես կարծում եմ, որ «Աղմկոտ լռությունը» ավելի համապատասխան է գրքին, որովհետեւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների լռության մեջ շատ աղմուկ կա։ Հետագայում, երբ հանդիպեցի գրքի հեղինակի՝ Դրեյփերի հետ, ինքը վերնագրի մասին ինձ ասաց՝ ինչպե՞ս չէի մտածել»,-պատմում էր Արմենուհի Ավագյանը։

Հեղինակի՝ Շերոն Դրեյփերի դուստրը 30-ն անց աղջիկ է, որը նույնպես ունի մանկական ուղեղային կաթված, սակայն Դրեյփերը նշել է, որ գիրքն իր աղջկա մասին չէ, դժվարությունների առումով գուցե նման է իր աղջկա վիճակին, բայց դեպքերի առումով՝ ոչ։
Դրեյփերը ուսուցչուհի է, որը հրատարակել է 40-ից ավելի գիրք, բայց «Աղմկոտ լռություն» վիպակը իր ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է, հայերենը 23-րդ լեզուն է։
«Աղմկոտ լռություն» վեպը շուրջ երկու տարի եղել է «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլեր, 2011-ին արժանացել է «Բենք սթրիթ» կրթության քոլեջի «Ջոսեթթե Ֆրանկի» անվան մրցանակին, «Սան Ֆրանցիսկո» պարբերականի կողմից հռչակվել է որպես տարվա լավագույն գիրք։

Գիրքը խորհուրդ է տրվում կարդալ բոլորին, հատկապես մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ծնողներին ու նրանց հետ աշխատող մասնագետներին, որովհետեւ այն սովորեցնում է, որ չպետք է թյուր կարծիք ձեւավորել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների փայլուն մտավոր ունակությունների վերաբերյալ՝ դատելով նրանց արտաքինից։

ՄԱՐԻԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի
3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031