Երիտասարդ բանաստեղծ Անի Ամսեյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ճանապարհ դեպի լռություն», լույս տեսավ ամիսներ առաջ: Հեղինակի հետ զրուցել ենք գրականության, ժողովածուի ստեղծման ընթացքի եւ բանաստեղծ լինելու հույզերի մասին:
– Անի՛, ամիսներ առաջ հրատարակվեց բանաստեղծություններիդ առաջին ժողովածուն՝ «Ճանապարհ դեպի լռությունը»: Մի փոքր կպատմե՞ս ժողովածուիդ ստեղծման ընթացքի մասին, ի՞նչ բանաստեղծություններ ես ընդգրկել:
– Երկու տարվա ընթացքում կուտակված հույզեր են, մտքեր, իմ երկու տարվա կյանքն է, աշխարհը՝ որում ապրել եմ։
Այս ամենը գրքի ձեւ առավ, որովհետեւ մարդիկ ավելի շատ հավատացին դրա հնարավորությանը, քան ես ինքս…
Երբեք երազանք չեմ փայփայել գիրք ունենալու կամ գրող լինելու հավակնություններ ունեցել։ Հիմա առավել եւս չունեմ:
Ամենը երազի էր նման։ Այդ բանաստեղծություններով ապրողը երազումս տեսած անծանոթ մեկն է՝ անհասկանալի տեղում, ոչ շոշափելի, անձեւ, ընդհատված երազի մեջ լուծված, վաղուց եղած, ապրված, ավարտված մի բան…
Հիմա նույնիսկ անհարմարության զգացողություն եմ ունենում բանաստեղծությունների կամ դրանք գրող մարդու մասին մտածելիս։ Կարծես ուրիշի անձնական տարածքը մտնեմ, ուրիշի ներսում թափառեմ փոշոտ ոտքերով։
Հաճախ տխրում եմ, որովհետեւ երբեմն (երբ, օրինակ, շատ հոգնած եմ լինում) ինչ-որ մրմռոց եմ զգում ներսում, բայց որը էլի իմը չէ…
– Եթե գրականությունդ բնութագրելու լինեիր գույնով, ապա ի՞նչ գույն կլիներ դա եւ ինչո՞ւ:
– «Կարմիր» վերնագրով մի բանաստեղծություն կա գրքի մեջ, որը գրելիս հստակ գիտեի, որ գրքի վերջին բանաստեղծությունն է լինելու։ Դրա մեջ (երեւի միայն ինձ համար տեսանելի) լուծվել են, վերջացել, ավարտվել մնացած բոլոր բանաստեղծությունները։
Հետաքրքիր է, որ մինչեւ այդ բանաստեղծությունն արդեն գրքի շապիկը ընտրել էի, որի մեջ գերակշռում է կարմիր գույնը։ Երբ արդեն բանաստեղծությունը կար, շապիկը իսկապես տուն դարձավ: Կարմիր…
– Իսկ եթե համեմատեիր երաժշտությա՞ն հետ:
– Ամբողջ ընթացքում ինձ Բախի երաժշտությունն է ուժ տվել: Կարմիր աշխարհից հիմա ինձ Բախի մեղեդին է հասնում, բայց էլի շատ խուլ, կարծես ուրիշ ականջի համար…
– Անի՛, քո բանաստեղծությունները հիմնականում գրված են առաջին դեմքով ու շատ անձնական են թվում: Կա՞ զգացմունքների մի սահման, որի մասին չես կարողանում կիսվել գրականության միջոցով, որ պահում ես խիստ անձնական տարածքում:
– Բանաստեղծությունը իմ արտահայտման միակ միջոցն է եղել, միակ վայրը, որտեղ ես կարող էի մերկանալ։ Որտեղ ես կարող էի բաց թողնել գիտակցությունս, որտեղ ես-ը կարող էր լինել ես։
Գրել՝ ինձ համար նշանակում էր զգալ անձնական տարածքը ոչնչացնելու հաճույքը…
– Սովորաբար, կա կարծիք, որ մարդիկ ստեղծագործում են, որպեսզի դա տեսնեն/կարդան/լսեն: Մի մասն էլ ասում է՝ «ստեղծագործում եմ ինձ համար, հոգուս համար»: Իսկ ինչպե՞ս է քո պարագայում: Դու գրում ես, որովհետեւ…
– Որովհետեւ սեփական ձայնս լսելու կարիքն ունեի, որովհետեւ նոր էի բացահայտել այն, որովհետեւ չափազանց հետաքրքիր, տարօրինակ, ու հաճելի արկած էր խոսելը…
– Ի՞նչ ես հիմա կարդում, ու առհասարակ, գրականություն ինչպե՞ս ես ընտրում:
– Հիմա ավելի շատ երազում եմ կարդալու մասին, քան կարդում եմ։ Բայց հենց դրա շնորհիվ էլ համոզված եմ, որ ես իսկապես մե՜ծ սեր եմ տածում գրականության հանդեպ։ Որովհետեւ, երբ երազանքներիս շրջանակն այսքան նեղացել է, գրականությունը, միեւնույն է, իր տեղում է մնացել։
– Հետաքրքիր է, բանաստեղծություններդ հաճա՞խ ես կարդում: Անի ընթերցողի ու Անի գրողի զգացմունքների փոփոխություններ հաճա՞խ են լինում:
– Ամբողջ զրույցը երեւի այս հարցի պատասխանն էր։
Զրուցեց
ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
«Առավոտ»
21.03.2018