Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ բանաստեղծ Վազգեն Վանատուրի գրքերի շնորհանդեսը

Մարտ 22,2018 12:30

Վերջերս  տեղի ունեցավ ամերիկահայ անվանի բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ (հայ գրողների և լրագրողների միություն) նախագահ Վազգեն Վանատուրի երեք գրքերի՝ «Շարական տաս միլիոն ձայնի համար», «Լույս խեցու մեջ» և «Ուրվանկար փշե պսակով» գրքերի շնորհանդեսն ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության բարձրագույն հովանավորությամբ: Հրավիրատոմսերով ներկա էին ԱՄՆ ՀԳԼՄ բազմաթիվ անդամներ, այլ հասարակական կազմակերպությունների անդամներ, համակիրներ և հյուրեր: Մի քանի ժամ շարունակ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գտնվող ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը վերափոխվել էր մի մարդաշատ, վառ մշակութային օջախի:

Անչափ հետաքրքիր մշակութային իրադարձության՝ գրքերի շնորհանդեսի և գինեձոնի երեկոն վարում էր արհեստավարժ հանդիսավար և ասմունքող Սեդա Հայիրյանը: Բովանդակալից ելույթներ ունեցան բանախոսներ Կարեն Խաչատրյանը (Խաչկար) – արձակագիր, ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ, Սուրեն Ղազարյանը – բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ հիմնադիր անդամ և Սոնա Մկրյանը – գրող (արձակագիր և բանաստեղծ), ինչպես նաև բանաստեղծներ Սվետլանա Տոնապետյանը և Վոլոդյա Գրիգորյանը, անվանի գրականագետ Սամվել Դավայանը և այլք:

Հանդիսավար Ս. Հայիրյանը հանդիսավորությամբ կարդաց ՀՀ ԳՄ (գրողների միության) նախագահ, մանկագիր, բանաստեղծ, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Էդվարդ  Միլիտոնյանի ջերմ ուղերձը՝ ուղղված սիրելի բանաստեղծ Վ. Վանատուրին, ինչպես նաև փոխանցվեց նրան ՀՀ ԳՄ պատվոգիր, իսկ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արտակ Ավետիսյանը ՀՀ Սփյուռքի նախարարության անունից բանաստեղծին հանձնեց «Վիլյամ Սարոյան» շքանշան: Հայտարարվեց նաև, որ Վ. Վանատուրը ներկայացվել է ՀՀ ամենաբարձր պարգևի՝ պետական մրցանակի, ինչպես նաև ճանաչվել Սփյուռքի՝ վերջին հինգ տարիների լավագույն բանաստեղծը, որի համար նրան շնորհվել է «Ոսկե մագաղաթ» մրցանակ և շքանշան:

Վազգեն Վանատուրը (Վազգեն Դաղբաշյան) ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը: Ուսումը շարունակել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Եղել է Կիրովականի «Մաշտոց», «Գրական Լոռի», «Լոռվա վերնատուն» պարբերականների գլխավոր խմբագիրը: Հայրենիքում հրատարակվել են նրա «Հեթանոս ափեր», «Նավարկություն», «Մարդը ստվերի հետ», «Բիբլիական անձրևներ» բանաստեղծությունների ժողովածուները: ՀՀ-ում նա բարձր գնահատականների է արժանացել թե՛ գրական շրջանակների և թե՛ կառավարության կողմից՝ «Ոսկե եղեգ» մրցանակ, «Մովսես Խորենացի» շքանշան և «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան ոսկյա  շքանշան»:

Երեկոյի ընթացքում գրական, հրապարակային ելույթներին հաջորդում էին ԱՄՆ ՀԳԼՄ Արվեստի խմբակցության անդամների կատարումները, որոնք ավելի բովանդակալից ու հմայիչ էին դարձնում միջոցառումը: Այսպես՝ հրաշալի կատարումներով հանդես եկան օպերային երգչուհի, սոպրանո Սոսի Ավագյան/Մարտիրոսյանը, ժողովրդական, գուսանական, հայրենասիրական և ռազմահայրենասիրական երգերի  սիրված երգիչ Նշան Ջաղացպանյանը, ասմունքող Սեդա Հայիրյանը, արձակագիր և ասմունքող Մարգարիտա Դերանցը, կիթառահար և երգիչ Ժիրայր Բարսամյանը և ուրիշներ: Մ. Դերանցն արտասանեց Վ. Վանատուրի, «Ճերմակ վարդեր, տիկի՜ն» բանաստեղծությունը.

«Նա երգերի ճերմակ ծաղկաբույլը գրկին`

Ձեր դռների սուգն է բաց ու փակում հերթով,

Ճերմակ վարդեր կուզե՞ք, ճերմակ վարդեր, տիկի՜ն,

Որ զուգվի Ձեր սիրո միայնությունը անթով…»

Մի հիասքանչ անակնկալ մատուցեց ներկաներին Ժ. Բարսամյանը: Նա երգեց Վ. Վանատուրի խոսքերով, իր կողմից գրված երաժշտությամբ «Ապրիլյան տղերք» երգը.

«Այդպես մոտիկ-մոտիկ, այդպես ըմբոստ՝ անմեղ,

Նույն կարոտի ու տան, նույն աղոթքի տղերք»….

Մի ուրիշ հաճելի անակնկալ մատուցեց ներկաներին և, հատկապես, Վ. Վանատուրին, Ս. Հայիրյանը: Նա բանաստեղծին ուղղված փոքրիկ, բայց անչափ հետաքրքիր մեջբերումներ կարդաց, որոնք հնչել էին բանաստեղծ Համո Սահյանի, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի, լեզվաբան Տիգրան Ավետիսյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, գրաբարագետ Մհեր Բեժանյանի և այլոց շուրթերից:

Տոնական տորթը՝ խորհրդանշական գրքի տեսքով և շնորհավորանքներով:

Եթե բանաստեղծի՝ ավելի վաղ շրջանի բանաստեղծությունների մեջ գերիշխում էր քնարականը, ապա ավելի հասուն տարիքում քնարականին ավելանում է նաև իմաստասիրականը… Հնարավոր չէ իմաստասեր չլինելով հասկանալ նրա պոեզիայի խորությունը:

«Չէ՞ որ դու ես մեզ ընտրել ու մեղքի

Ջրերի միջով քառասուն գիշեր

Բերել մեր հոգու նավահանգիստը,

Որն ի սկզբանե և հավիտյանս

Երկիրն է եղել մեր միակ Աստծո,

Ըղձանքը հոգու և պատարագը

Սրտի ու բանի…»

(«Շարական տաս միլիոն ձայնի համար…» պոեմից)

Բանաստեղծը գրում է նաև արձակ բանաստեղծություններ, որոնք նման են արձակի, բայց ինչպես բանաստեղծությունների մեջ շաղախված են միմիայն հույզերով ու խորը զգացումներով.

«Ես տեսել եմ նրա սերը, մի մեծ վանդակ՝ երկուսի համար, որ նա քարշ է տալիս իր հետ հիշողության քաղաքներում դեգերելիս, ուր աշունն է ուրվականի պես քաշքշում փեշերից….»

(«Կինը՝ ամոթխած եղրևանու թովչանքով…» բանաստեղծությունից)

Բանաստեղծն ընդվզում է, 100-ամյա ուրացման դեմ է և Տերերի վերադարձի մասին է խոսում.

«…Եվ տոհմածառի լալկան աշունը

Կռունկի լացով պարուրեց նրան,

Խառնելով հոգու վերջին գիշերը

Սուրբ նահատակաց աճյունափոշուն…

Որ միլիոն ու կես գումարած մեկով,

Եղեռնամշուշ լռության մեջ հուսկ՝

Լեռան աղոթքով պահի մեր հողը,

Մինչև Տերերի վերադարձը սուրբ…»

(«Շարական տաս միլիոն ձայնի համար…» պոեմից)

Վ. Վանատուր բանաստեղծը հաճախ հուզում է, դյութում և կարծես ջութակի քնքուշ, բեկբեկուն հնչյուններն են շոյում լսողությունդ, երբ ընթերցում ես նրա բանաստեղծությունները.

«Մի նավակ անտես հեռացավ ափից…

Ո՞վ գիտե, գուցե մշուշը տարավ,

Լռություն էր ու… մթան սոսափից

Ընկնող գիշերը՝ ջրասույզ կարապ…»

(«Անդարձություն» բանաստեղծությունից)

Գրական երեկոն ավարտվեց գինեձոնով: Ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն ճաշակելու հայկական նրբահամ գինիներ, խորտիկներ, տոնական համեղ տորթ՝ պատրաստված մի մեծ գրքի նմանությամբ, այլ նաև մտքերի փոխանակություն կատարել արվեստագետ և արվեստասեր լոսանջելեսյան հասարակության լավագույն ներկայացուցիչների հետ:

 

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Գլենդել, Կալիֆոռնիա

Գլխավոր լուսանկարում` Բանաստեղծ Վազգեն Վանատուրի՝ գրքերի շնորհանդեսի ազդարարման պաստառը:

«Առավոտ»

21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031