Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարաններում կանխվել է «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» խորագրով ժխտողական համաժողովի անցկացումը, որը կազմակերպվել էր Անկարայի համալսարանի հետ համատեղ:
Կոնֆերանսի մասին հայտարարելուց հետո Արգենտինայի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել, ըստ որի «անթույլատրելի է նման բնույթ կրող միջոցառման անցկացումը ակադեմիական դաշտում կամ ցանկացած տարածքում, հատկապես Արգենտինայի նման երկրում, որն առաջամարտիկ է մարդու իրավունքների ոլորտում և Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից մեկն է»:
Այն բանից հետո, երբ համալսարանների ղեկավարությունները որոշում են կայացնել թույլ չտալ համաժողովի անցկացումը, Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի Հանրապետության Իսլամական կենտրոնում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ