Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Դատավոր Սիմիզար Հովսեփյանը վաշխառուի օգտին է վճիռ կայացրել, նույնը կկրկնի». (Տեսանյութ)

Մարտ 21,2018 21:01

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց երկու կանայք՝ Անահիտ Կարապետյանն ու Հայկանուշ Հովակիմյանը վրդովվեցին, երբ նկատեցին իրենց խաբած տղամարդուն:

Նա Տիգրան Մարտիրոսյանն էր, որը մի քանի դրվագով քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է վաշխառու: Սակայն, այս վաշխառուն մի օր էլ չի անցկացրել ճաղերի հետեւում: Նույնիսկ մինչ օրս, ինչպես տուժողների ներկայացուցիչն ասաց, շարունակում է վաշխառությամբ ու շինծու պայմանագրով գումարներ պահանջել իր «զոհերից»:

Այս դատարանում այսօր Անահիտ Կարապետյանի՝ 2 տարի առաջ ներկայացրած դիմումի հիման վրա դատական նիստը պետք է լիներ, որը, սակայն, կրկին հետաձգվեց:

Տիգրան Մարտիրոսյանի վաշխառության գործերին Aravot.am-ը բազմիցս է անդրադարձել:

Հայկանուշ Հովակիմյանի բնակարանը հայտնվել է Մարտիրոսյանի ձեռքում կրկին վաշխառության եւ խաբեության արդյունքում: Տիգրան Մարտիրոսյանը բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաեւ Հովակիմյանին, տոկոսով գումար է տվել, ինչի համար գրավադրվել է բնակարանը: Սակայն, Մարտիրոսյանը այս քաղաքացիներին ամսական 5% տոկոսադրույքով է փոխառությունը տվել, ինչը օրենքի խախտում է, ըստ օրենքի՝ նման փոխառությունները ամսական 2%-ով պետք է լինեն: Բացի այս, պայմանագրերում Մարտիրոսյանը գրել է մի գումար, իսկ իրականում դրանից քիչ գումար է տվել:

Հովակիմյանի եւ Անահիտ Կարապետյանի բնակարաններն այժմ Մարտիրոսյանի տիրապետության տակ են, այսինքն՝ գրավադրված: Սակայն, քանի որ քրեական դատարանը Մարտիրոսյանին վաշխառու է ճանաչել, այս քաղաքացիները դիմել են դատարան, որպեսզի խաբեությամբ կնքված պայմանագիրը առոչինչ ճանաչվի: Տիգրան Մարտիրոսյանի այսպիսի գործարքներին «զոհ են» գնացել 36 քաղաքացիներ, ոմանք նույնիսկ մահացել են, չեն դիմացել ապօրինություններին:

Այսօր դատարանի մոտ, երբ հանդիպեցինք Մարտիրոսյանին, փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն վերջինս հրաժարվեց հարցազրույց տալ, միայն ասաց, որ իր դեմ հարուցված գործն ապօրինի է, եւ իրենից տուժած կանայք՝ Անահիտն ու Հայկանուշը հովանավոր ունեն. «Իրանց մեջքին կանգնած է գլխավոր դատախազությունից նախկին պաշտոնյա»: Մարտիրոսյանը խուսափում էր մեր տեսախցիկից, եւ չէր ցանկանում տեսանկարենք:

Դատարանի շենքի դիմաց տիկին Հայկանուշը վրդովված դիմեց Մարտիրոսյանին. «Ամոթ, քանի գործով վաշխառու ես ճանաչվել, թուրք, դու թալանել ես ժողովրդին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վաշխառու ճանաչված Մարտիրոսյանն էլ հակադարձեց. «Թուրքը դու ես: Իսկ դու սրիկա ես, դուք քցողներ եք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վաշխառու եւ պատասխանող Տիգրան Մարտիրոսյանը դատարանի մուտքի մոտ կանգնած ներս չէր մտնում, մի քանի ծխախոտ անհանգիստ ծխելուց հետո հեռացավ դատարանի մոտից, եւ այդպես էլ նիստին չներկայացավ:

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանն, ըստ իրենց, արդար վճիռ կկայացնի, քանի որ նախկինում նույն վաշխառուից տուժածի գործով այս դատավորը հօգուտ վաշխառուի է վճիռ կայացրել:

«Մենք ունենք փաստեր, որ Անահիտ Կարապետյանի մասով պարտք-պահանջ Մարտիրոսյանի հետ չկա, սակայն Մարտիրոսյանը նորից պահանջում է այն գումարները, որոնք դատարանով հաստատված շինծու եւ վաշխառության պայմանագրով է: Այսօր, չգիտես՝ ինչո՞ւ, քաղաքացիական գործով դատարանները Տիգրան Մարտիրոսյանի մասով ամբողջությամբ անտեսում են քրեական գործով ուժի մեջ մտած դատավճիռները, սա զրո նշանակություն ունի Մարտիրոսյանի եւ դատարանի համար: Ու թեեւ Մարտիրոսյանը վաշխառու է ճանաչվել, իմ կարծիքով մեղմ վճիռ է եղել, նա որեւէ պատիժ չի կրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Մուրադյանն ասաց, որ այս նույն վաշխառուից տուժած Սուրեն Սադոեւն, ըստ քրեական դատարանի վճռի, այս վաշխառուին ամբողջ գումարը վերադարձրել էր, եւ պահանջում էր այս դատարանում պայմանագիրն առոչինչ ճանաչել.«Սակայն դատավոր Սիմիզար Հովսեփյանն անտեսելով օրինական ուժի մեջ մտած վճիռը, դարձյալ Մարտիրոսյանի օգտին վճիռ կայացրեց: Սիմիզար Հովսեփյանը նաեւ Անահիտ Կարապետյանի գործով դատավորն է: Ես միտում եմ տեսնում, մենք մտավախություն ունենք, որ Սիմիզար Հովսեփյանը նույն վճիռը կկայացնի Կարապետյանի դեպքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031