Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Ճըվճըվ» Արոյի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին այսօր պարզ դարձավ, որ նա չի պատրաստվում փոխել պաշտպանին՝ Մանվել Գրիգորյանին, ինչպես հայտարարել էր նախորդ նիստին:
Հիշեցնենք, որ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության և կողոպուտի համար:
Այսօր դատարանը հարցաքննեց Երևանի դատաբժշկական գիտագործական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանին: Այս փորձագետի տված եզրակացության համաձայն՝ Սերժ Վարդանյանը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելիս դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն ուղեկցվել է Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնության գործադրմամբ:
Սերժ Վարդանյանի պաշտպան՝ փաստաբան Մանվել Գրիգորյանը Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե տուժողին քարշ տալու արդյունքում հնարավո՞ր էր՝ նրա մարմնի վրա միայն մեկ վնասվածք հայտնաբերվեր, ինչին ի պատասխան ասվեց, որ եթե տուժողին պահեին, նա առնվազն նախաբազկի կոտրվածքներ կստանար, իսկ չմարզված մարդը մի ձեռքով չէր կարող պահել 80-100 կգ քաշով անձին և մեքենայի ընթացքի ժամանակ քարշ տալ նրան:
Դատարանում քննարկվեց նաեւ տուժողի մասնակցությունը դատարանում ապահովելու հարցը, նախագահող դատավոր նշեց, որ նա հրաժարվել է նիստերին մասնակցել:
Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ