Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հայ համայնքի հետ։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։
Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում։
Ներկաներից մեկին հետաքրքրում էր, հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը ևս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն