«Քննարկումներ կլինեն, կլինեն հարցադրումներ, ճշգրտումներ, բայց սկզբունքորեն այս պահին ուրիշ ընտրություն ես չեմ տեսնում, քան Սերժ Սարգսյանը»,-անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածուին՝ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ վարչապետի թեկնածության հարցը դեռևս քննարկման փուլում է:
Ըստ նրա՝ այնպես չէ, որ քաղաքական դաշտում կան բազում առաջնորդներ, և պետք է ընտրություն կատարեն նրանց միջև: Նախկին պատգամավորի վստահեցմամբ՝ միայն երիտասարդ, կարող ուժ լինելը դեռ բավական չէ. «Կան երիտասարդ, բանիմաց, կարող ուժեր, բայց դա քիչ է: Պետք է ունենալ այն անձը, որն առավել արդյունավետ կկարողանա օգտագործել անվտանգության և երկրի առջև ծառացած մյուս կարևոր խնդիրների լուծումները»:
Պարոն Մինասյանը երկրի կառավարման համակարգի փոփոխությունը նոր հնարավորություն է համարում, նոր միջոց երկրի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու. «Երկրի ներքաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների արդյունքում մենք հնարավորություն ենք ունենալու զարգացման այլ տեմպեր ապահովել»:
Ըստ նախկին պատգամավորի՝ եթե ներդրվեն բոլորի ջանքերը՝ 2-3 տարի հետո առավել դինամիկ զարգացող երկիր կունենանք: Հայաստանի տնտեսական ցատկին զգալիորեն կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» ռազմավարական մայրուղու կառուցման ավարտը, քանի որ դա զգալի չափով թույլ կտա լուծել մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ կնպաստի հանրապետության տնտեսական ապաշրջափակմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ