Երեկ ԱԺ-ում «Ելքի» քարտուղար Գեւորգ Գորգիսյանը դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ուսուցիչների, դասվարների աշխատավարձի հարցն էր արծարծել: Կառավարությունը խոստացել է, բայց չի փոխանցում նրանց աշխատավարձի գումարը: Մտահոգությունը կիսել էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այդ հարցին ի պատասխան՝ ասաց, որ լուծումը գտել են. «Ծրագիրն իրականացվել է առաջանցիկ ձեւով եւ 220 խմբակի հարցերն են դրված: Մենք այն ժամանակ պայմանավորվեցինք դոնոր կազմակերպությունների ներգրավել, ինչպես նաեւ, եթե երկրորդ կիսամյակում ունենանք խնայողություններ, դա ներդնենք: Դա 2018-ին մոտ 80 մլն դրամի հարց պետք է լինի, եթե մենք կարողանանք սրան անդրադառնալ սեպտեմբերին, խնդիրը կկարգավորենք»:
Նախարարն ասաց, որ որոշել են նաեւ ինֆորմատիկա առարկայի մեջ ներառել իրենց մի քանի ծրագրերը՝ 6-12-րդ դասարաններում, նաեւ՝ տեխնոլոգիա առարկայի մեջ են մտածում ներդնել ինչ-որ մի հատված:
Գորգիսյանն արձագանքեց, որ մինչեւ լուծում գտնեն՝ ուսուցիչներ կան, որ աշխատավարձի են սպասում, աշխատավարձ չեն ստացել, իրենք ի՞նչ անեն: Նախարարը պատասխանեց. «Իրենք շատ արագ են աշխատում, որի հետեւից բյուջեն չի հասնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ