Ռուսաստանի գործող արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղ չի ունենա նոր կառավարության կազմում: Այս մասին հաղորդում է RTVI հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ն ղեկավարում է 2004թ-ից:
Ըստ ԱԳՆ աղբյուրների՝ Սերգեյ Լավրովն արդեն մի քանի տարի է՝ ինչ ցանկանում է լքել այդ պաշտոնը, գլխավորապես հոգնածության պատճառով: Սակայն Պուտինի համառ խնդրանքով՝ շարունակել է գլխավորել ԱԳՆ-ն մինչև նախագահական ընտրությունները:
«Այն, որ նա վաղուց էր ցանկանում հեռանալ, ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- ասել է գերատեսչության աղբյուրը: Նրա խոսքով (որը հաստատում են և մյուս աղբյուրները) այս պահին Սմոլենսկի հրապարակում բոլորը սպասում են կառավարության նոր կազմի հայտարարմանը:
RTVI-ի հետ զրույցում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ չգիտի՝ արդյոք Լավրովը կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այդ լուրերն անվանել է «շահարկումներ»՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել դրանց վրա և պարզապես շնորհավորել նախարարին ծննդյան օրվա կապակցությամբ:
Լավրովին ԱԳՆ ղեկավարի պաշտոնում փոխարինողի վերաբերյալ մի քանի վարկածներ կան: Մասնավորապես, դա կարող է լինել փոխարտգործնախարարներից մեկը, կամ դրսից մարդ, հնարավոր է, նախագահի աշխատակազմից:
Ինքը՝ Լավրովը, ըստ աղբյուրների, քաղաքականությունից չի հեռանա և պատվավոր պաշտոն կզբաղեցնի, օրինակ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ