Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյանը՝ ատամնաբուժարանների խնդրի եւ պետպատվերի մասին

Մարտ 21,2018 17:46

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանը առողջապահության նախարարին փոխանցեց մտահոգությունները՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ կապված: Նա  հետաքրքրվեց, թե վճարովի՞ է էլեկտրոնային ծրագիրը եւ անձնական տվյալների գաղտնիությունը ապահովա՞ծ է:

Նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ մինչեւ հունիսի 1-ը վճար չի գանձվելու, բայց այս տարվա հունիսի 1-ից արդեն պետք է տնտեսվարողները վճարեն օպերատորին բաժանորդավճար: Ինչ վերաբերում է տվյալների գաղտնիությանը, նախարարն ասաց, որ դրանով ԱԱԾ-ն է զբաղվում եւ Համաշխարհային բանկի մասնագետները:

Մինչ այսօր էլեկտրոնային համակարգին միացել է 1600 բուժկենտրոն, որից 392-ը ատամնաբուժարաններն են:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես հետաքրքրված էր ատամնաբուժարանների խնդրով: Նա ասաց, որ նամակներ է ստացել եւ տպավորություն է, որ հիմա ատամնաբուժության ոլորտում ինչ-որ մրրիկներ են տեղի ունենում:

Նա ասաց, որ քաղաքացիներ կան, որ պիտի օգտվեին պետպատվերի ծառայությունից, բայց հիմա իրենց չեն սպասարկում՝ ասելով, որ պետպատվերի պայմանագրերը դեռ կնքված չեն, չնայած մարտ ամիսն է. «Ատամնաբուժարանները բողոքում են էլեկտրոնային համակարգին միանալու կապակցությամբ՝ ասելով, որ դա տարեկան մոտ 2 մլն հավելյալ դրամի ծախս է բերելու, սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ»:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ մարդիկ արդեն կգնան Վրաստան՝ ատամնաբուժական ծառայություններ ստանալու:

Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Ինչքան էլ վախենալու չթվա 2 մլն-ը, այն չի կարող գերազանցել շրջանառության 1,5 տոկոսը: Այս պայմանավորվածությունն է ձեռք բերված օպերատորի հետ»:

Ինչ վերաբերում է պետպատվերին, նախարարն ասաց, որ պատմականորեն ատամնաբուժարանների հետ պետպատվերի պայմանագրերը կնքվել են մարտի 15-ից ոչ շուտ. «Այս տարի կնքելու ենք մեկ շաբաթ ուշ: Այդ պայմանագրերի ուղարկման գործընթացն արդեն սկսել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031