Հայաստանը գազի հարցով քննարկումներ է իրականացնում Իրանի ու Թուրքմենստանի հետ, բայց դեռեւս մրցունակ առաջարկներ չեն ստացվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Մի բան նա վստահ հայտարարեց. «Որեւէ քաղաքական գործոն չկա»: Լրագրողները նկատել էին, որ բանակցությունները իրանական եւ թուրքմենական կողմի հետ արդյունք չեն գրանցում, քանի որ քաղաքական խնդիր կա ՌԴ-ի հետ:
Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանների`մի քանի անգամ արված հայտարարություններին, թե պատրաստ են արտոնյալ գնով գազ տրամադրել Հայաստանին, նախարարն ասաց` Իրանից մրցունակ առաջարկ չի ստացվել:
Aravot.am –ի հիշեցմանը, Իրանի տարբեր դեսպաններ մի քանի անգամ հայտարարել են, որ իրենց երկիրը պատրաստ է Հայաստանին 1000 խմ-ն 100 դոլարով գազ վաճառել , նախարարը պնդեց` Իրանից մրցունակ առաջարկ չի ստացվել: Մեր հաջորդ հարցին`ո՞ր գինն է հայկական կողմի համար համարվում մրցունակ առաջարկ, նախարարը չպատասխանեց:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ