ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը: Իսկ հարցապնդումը վերաբերվում էր ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը:
Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ սահմանին գազը հասնում է 150 դոլարով, իսկ մեր տներ՝ 289 դոլարով, որովհետեւ ՀՀ-ն,, ինչպես կառավարությունն է գլուխ գովում, աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է: Նա նշեց, որ ՀՀԿ պատգամավորները բոլոր գյուղերում, լեռնային եւ ոչ լեռնային գյուղերում ձայն ստանալու համար «ՀայՌուսԳազարդ» ընկերության հաշվին խողովակներ կառուցեցին եւ գազաֆիկացրեցին եւ բնականաբար, այդ ամբողջ ծախսը խողովակների մտած է սակագների մեջ:
Չնայած գյուղերը գազաֆիկացրել են, բայց գյուղացին, ըստ նրա, այդ գազն օգտագործում է ՝ օրը երկու բաժակ սուրճ եփելու համար, իսկ տունը ջեռուցում է վառելափայտով:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի, գազի սակագներին: 2012-ի նկատմամբ ունենք էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոս թանկացում. «Իշխանությունը ժողովրդին այստեղ էլ, կոպիտ ասած՝ քցել է»:
Նա նաեւ բողոքեց, որ երբ կառավարությանը հարցնում են, թե «Գազպրոմում» եւ ՀԷՑ-ում ամենաբարձր աշխատավարձը որքա՞ն է, տեղեկությունը չեն տրամադրում՝ ասելով, որ դա անձնական տվյալ է. «Կա տեղեկություն, որ այդ ընկերությունում մարդիկ կան՝ ամիսը 70-80 հազար դոլար աշխատավարձ են ստանում, սպառողները պիտի հասկանան ինչու է այդպես եւ հասկանան դրա պատճառահետեւանքային կապը իրենց՝ թանկ ու կրակ գազի եւ էլեկտրաէներգիայի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ