«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») տարածաշրջանում առաջին անգամ անցկացվեց անվասայլակներով բասկետբոլի միջազգային ընկերական հանդիպում Հայաստանի ԱԻՆ «Արտակարգ» եւ Վրաստանի «Թբիլիսի» թիմերի միջեւ: Խաղն ավարտվեց «Արտակարգ» թիմի հաղթանակով՝ 33:21:
Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայկական կարմի խաչի ընկերության աջակցությամբ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ընկերական այս հանդիպման նախաձեռնողները մեր անվասայլակներով բասկետբոլի թիմի աշխատակիցներն են: Նախարարությունում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց քանակը մեզ պարտավորեցնում է զբաղվել նրանց ֆիզիկական վիճակը զարգացնելու, մարզական պատրաստվածության, սոցիալական խնդիրների լուծման խնդիրներով: ԱԻ նախարարությունը բացի աղետների ռիսկերի նվազեցումից զբաղվում է նաեւ առողջ ապրելակերպի եւ սպորտի զարգացումով: Այս մարզական միջոցառումը հարգանք է հաշմանդամություն ունեցող մարզիկների նկատմամբ, որոնց համառ ջանքերը, սեփական ուժերին եւ հնարավորություններին հավատը օրինակ կարող է ծառայել բոլորիս համար»:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց. «Ինչպես տեսնում եք, շատ դիտարժան խաղ է, երկու թիմերն էլ ձգտում են հաղթանակի: Սա շատ կարեւոր միջոցառում է, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվել հասարակական կյանք: Իսկ սպորտը դրա լավագույն եւ ամենաարդյունավետ ճանապարհներից է: Սպորտը հնարավորություն է տալիս լիակատար մարզվել, լինել առողջ եւ լիարժեք ինտեգրվել հասարակությանը»:
Հարցին, թե ինչո՞ւ է հատկապես բասկետբոլ մարզաձեւն ընտրվել, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Թերեւս այն պատճառով, որ խաղային մարզաձեւերից հաշմանդամություն ունեցողների շրջանում ամենատարածվածն ու սիրվածը բասկետբոլն է»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով. «Սա մարզական այնպիսի կարեւոր միջոցառում է, որը ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս նույն զգացումներն ունենալ, ինչ սովորական մարդիկ, այլեւ երկրորդի մտածողությունն է փոխում: Ինչպես տեսանք, այսօր բարձր մակարդակի բասկետբոլ էր, ինչպես լինում է սովորական բասկետբոլում: Սա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցողները ունեն նույն կարողությունները, ունեն նույն իրավունքները եւ մեր խնդիրն է՝ նրանց համար ստեղծել նույն պայմանները, որպեսզի կարողանան իրենց լիարժեք դրսեւորել եւ լիարժեք ինտեգրված զգան հասարակությունում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ