Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում գազի ուռճացված սակագների եւ «լեւի գազի» հարցն է

Մարտ 21,2018 16:16

ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը: Հիշեցնենք, որ հարցապնդումը վերաբերվում էր ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հարցրեց՝ «ՀՀ-ն Իրանի հետ հիմա էներգետիկ մի լավ ծրագիր է իրականացնում, գազաֆիկացման հետ կապված նոր պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ»:

Նախարարը պատասխանեց՝ «Հայաստանը տարանցիկ միջանցք դարձնելու բնական գազի փոխադրման համար, այո, այդ մասին մենք պետք է մտածենք, Հայաստանը պետք է դառնա տարանցիկ միջանցք: Բայց այսօր գործող տեխնոլոգիաները եւ հնարավորությունները, առկա հզորությունները մեզ թույլ են տալիս գազը տարանցել ամենեւին էլ ոչ ֆիզիկապես: Օրինակ, Իրանից Վրաստան գազ տարանցելու համար մեզ բացարձակապես պետք չի ամբողջ ՀՀ-ի տարածքով կառուցել խողովակաշար: Մենք կարողանում ենք Իրանի եւ ՀՀ-ի սահմանից ստանալ գազ, Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Տարանցիկ հզորություններ կառուցելու անհրաժեշտություն չկա, հիմնական խնդիրը բնական գազի գնի մեջ է՝ որքանով է գինը մրցակցային, տրամադրման պայմաները մրցակցային»:

Էնֆիաջյանը հարցրեց՝ Թուրքմենստանից գազ գնելու հետ կապված կառավարությունը բանակցությունները հաջողո՞ւմ է, ի՞նչ գումարի մասին է խոսքը գնում, մեր տնտեսվարողն ի՞նչ սակագնով կսպառի:

Նախարարը պատասխանեց, որ Թուրքմենստան-Իրան-Վրաստան գազ փոխանցելու համար ՀՀ տարածքով մենք առաձգական ենք, պատրաստ ենք մրցունակ տարանցման պայմաններ քննարկել՝ գին, տեխնիկական պայմաններ: Թուրքմենստանից գազի ներկրման հետ կապված նա ասաց, որ նոր է վերադարձել Թուրքմենստանից, բանակցությունները մշտապես գնում են, որեւէ տեղաշարժ չկա, առաջարկվող գները մրցունակ չեն այսօր մեր կողմից ստացվող գազի գերի հետ:

Պատգամավորներն ասացին՝ 60 դոլար է, մրցունակ չէ՞՝ նախարարը հերքեց. «Եթե 60 դոլար եք հայտարարում, կարող եք հղում անել աղբյուրին, ես նման գին լսած չկամ: ՌԴ-ից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է եւ հարմար»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Իրանից մենք կարող ենք ունենալ ավելի էժան բնական գազ, ուղղակի չկա դրա համար համապատասխան քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն, որը գազի այլընտրանքային աղբյուրներ կգտնի. «Երկու ընկերություններ՝ մեկը գազը բերում է հասցնում է ՀՀ, մեկը բաշխում է ցանցում: Գազը գալիս հասնում է ՀՀ մոտ 150 դոլարով, տուն է հասնում քաղաքացիների սպառման համար մոտ 290 դոլարով: Այս տարբերությունը, ես 6 տարի է պատգամավոր եմ, 6 տարի է քննարկվում է այս դահլիճում: Ես չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչու է գազը հասնում քաղաքացուն՝ վերջնական սպառողին այդքան թանկ: Երբ ասում եք, որ ՀՀ-ն էժան գազ է սպառում, սահմանի վրայի գինն եք ասում:

Նախարարն ի պատասխան ասաց, որ բոլոր սակագները սահմանվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ բաց, թափանցիկ, նաեւ ժամանակահատված է տրվում՝ հանրության հետ սակագները քննարկելու համար. «Սակագնի հիմքում ծախսային հոդվածներն են, խնդրում եմ նշեք՝ ո՞ր ծախսային հոդվածներն եք դուք համարում ուռճացված, ես պատրաստ եմ դա գրանցել եւ մինչեւ վերջին լուման հանձնաժողովի հետ քննարկել, ձեզ ներկայացնել մանրակրկիտ տեղեկատվություն»:

Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ մամուլում տեղեկություններ կային, որ ՀՀ-ում գազի կայաններ կան, որոնք ունեն տրանսգազի «լեւի գազ» ու իրենք կարողանում են գազն ավելի էժան վաճառել, քան գազի այլ կայաններ:

Նախարարն ի պատասխան հորդորեց՝ եթե ունի հիմնավոր կասկածներ լեւի գազի հարցով, դիմի համապատասխան իրավապահ մարմիններին: Նա վստահեցրեց՝ «Լեւի գազ հասկացություն էներգետիկ համակարգում չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031