Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարվել են «ինչքան խիստ, այնքան ավելի լավ» կարգախոսով

Մարտ 21,2018 16:00

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հավաստմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռն իրավաբանական առումով որևէ գնահատականի արժանի չէ, քանի որ չի բխում իրավունքից ու արդարադատությունից: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Պապիկյանը հայտարարեց՝ անպայման ընդվզել է պետք հանուն մեր երկրում արդարադատության հաստատման:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին՝ պարոն Պապիկյանն ասաց. «Այն դատական ակտը, որի մասին խոսում ենք, դա մի կողմից ուղղված է հենց Ժիրայր Սեֆիլյանի դեմ, մյուս կողմից ցույց տվեց, որ մեր արդարադատությունն այնպիսի խոր ճգնաժամի մեջ է, որ մարտի 20-ը սև օր պիտի հիշվի ՀՀ արդարադատության համար հենց այդ դատական ակտով»:

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ սա արդարադատություն չէ, այլ քաղաքական հետապնդում: Ըստ պարոն Պապիկյանի՝ պատիժների ժամկետների մասին խոսելը նման իրավիճակում այլևս անտրամաբանական ու անլուրջ է. «Պետք է արձանագրեք, որ սա շատ ավելի վատ է, քան երբ խորհրդային տարիներին հետապնդում էին այլախոհներին: Այս դատավճիռն ակամայից ուղղված էր յուրաքանչյուր ազատ մտածող քաղաքացու»:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարվել են ինչքան խիստ, այնքան ավելի լավ կարգախոսով. «Մի մտածելակերպ կա, որ սուտն ինչքան հաճախ է լինում, այնքան հավանականությունն ավելին է լինում, թե ինչ-որ մարդիկ կհավատան: Միգուցե, եթե մենք այդքան չապացուցեինք, որ ակնհայտ անհեթեթ մեղադրանք է, այդքան խիստ չլիներ պատիժը, բայց որ կարողացանք հիմնավորել, որ ընդհանրապես բան չկա, իրենք դրանից վրդովվեցին ու խստացրին պատիժը: Հակառակ դեպքում կունենայինք այն պատկերը, որը Սեֆիլյանն է ասում: Իսկ Սեֆիլյանը թվերի մեջ գրեթե չի սխալվում, ՀՀ նախագահը հաստատում է նրան: Ըստ Սեֆիլյանի՝ 800 հոգի հետևել են իրեն մեկ տարի շարունակ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել երեք- չորս տարբեր մարմիններ, հետևել Սեֆիլյանին ու նրա մտերիմներին, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այս պարագայում բոլոր իրավապահ մարմիններին պետք է նկատողություն տային, որ պետական բյուջեն վատնել են, բայց արդյունք չեն տվել: Դրա համար պատիժը տպավորիչ եղավ, որ ցույց տան՝ ինչ որ բան եղել է»:

Ամփոփելով պարոն Հայրապետյանն ասաց. «Մենք հասկացանք, որ արդարադատության իրականացումը Հայաստանում խոր անդունդի մեջ փակվեց: Սա հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դատավարություն էր: Բոլոր մարմիններին մի ուղերձ հասավ՝ կարևորը պատվեր կատարելն է: Եթե պատվերն ամենաբարձր մակարդակով է, որևէ մեկը խնդիր չի ունենա: Այդ օրը մենք իրավաբանությունը թաղեցինք վերջնականապես»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համեմատական տարավ 1937-ի շինծու գործերի և հաշվեհարդարների հետ. «Երբ իմացա դատավճիռը, ես վաղուց նման վատ զգացողություն չէի ունեցել, ինչպես երեկ: Անհարմար եմ զգում, որ այս երկրի քաղաքացի եմ: 1990-ականերից մինչև հիմա քաղբանտարկյալները, խղճի բանտարկյալները, կալանավորվել, խոշտանգվել, ձերբակալվել են, նրանք եղել են խղճի բանտարկյալներ, հանցագործություն չեն կատարել, բայց գոնե մասնակցել են հետընտրական ցույցերի, ապացույցներ են գտել, որ գոնե մասնակցել են: Բայց այս գործերն ընդհանրապես 1937 թվին են նման, քանի որ այն ժամանակ էին առանց որևէ մասնակցության և որևէ բանի մարդկանց վրա մեղադրանք սարքում: Օրինակ Աճառյանին, որ իբր եղել է Թուրքայի կամ Անգլիայի լրտեսը: Սա արդեն չափն անցավ: Մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, որ մարդուն կարող են բռնել, տանել ու տասը տարի տալ»:

Դառնալով Գևորգ Սաֆարյանի դատավճռին՝ պարոն Իշխանյանն ասաց. «Վրեժ են լուծում: Այն ժամանակ, երբ Գևորգն ազատվեց, նա խիստ է քննադատել իշխանությանը, ընդհուպ մինչև վիրավորանքի հասցնող: Դա վրեժ է: Տոնածառ դնելու համար կամ հետագա մեղադրանքները…դա ուղղակի ծիծաղելի է»:

Ըստ պարոն Իշխանյանի՝ այս ամենի պատճառն այն է, որ մենք քաղաքական գնահատական չենք տվել 1937-ի բանսարկուներին: Ի վերջո, Երևանում փողոցներ, դպրոցներ կան 19 37 թվականի բանսարկուների անուններով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031