Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղայինով՝ Ջունգլիներից Դիմաց կարելի է գնալ ժամը մեկ անգամ

Մարտ 21,2018 15:55

Գաղտնիք չէ, որ Վանաձոր քաղաքի հասարակական տրանսպորտի վիճակը չի գոհացնում քաղաքացիներին: Մեքենաների մի մասը հին են, մյուս մասի վարորդներն էլ վարելուն զուգահեռ միացնում են բարձր երաժշտություն ու նաեւ ծխում: Հաճախ էլ այնպես է ստացվում, որ ուղեւորն ու վարորդը վեճի են բռնվում. «Առավոտյան աշխատանքի ես գնում, երթուղայինում տեղ չկա, մի կերպ մի ոտքի վրա կանգնում ես, որ հասնես, գործից չուշանաս: Վարորդն էլ իրա փողի տերն ա: 16 տեղանոց մեքենայի մեջ 32 հոգի մարդ ա նստացնում, ու դեռ ասում է առաջ գնացեք, տեղ կա: Քանի անգամ վիճել եմ ու ճանապարհի կեսից իջել, տենց ո՞նց կարելի է, շունչդ կտրվում է: Մարդ ես վերջ ի վերջո, հո՞ կարտոշկա չես: Ամբողջ օրդ էլ փչանում ա»,- Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց վանաձորցի Արմեն Խաչատրյանը:

Այսօր Վանաձոր քաղաքը սպասարկում է 20 երթուղի, որոնք իրար են կապում քաղաքի տարբեր հատվածները: Մեզ հետ զրույցում Մանիկ Գեւորգյանը, որն ավելի հաճախ օգտվում է թիվ 1 եւ թիվ 6 երթուղիներից, դժգոհեց մեքենաների գերծանրաբեռնվածությունից: Օրինակ, 6 համարի երթուղու տրանսպորտային միջոցը, որը պտույտ է կատարում քաղաքի երկարությամբ ձգվող 2 գլխավոր փողոցներով, բնակիչներին սպասարկում է ժամը մեկ անգամ. «Ես Ջունգլիներ թաղամասում եմ ապրում, աղջիկս՝ Դիմաց: Որ պետք է իր տուն գնամ, մի 10 րոպե շուտ եմ գնում կանգառ, մեքենա է, ինչ իմանաս, կարող է իր հստակ ժամանակից 5 րոպե շուտ է գալիս: Որ ուշացար, էլ չես հասցնի, ստիպված մի ժամ պետք է սպասես, որ մյուս տրանսպորտից օգտվես, կամ էլ՝ 2 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ տեղ»:

Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը նշեց, որ իրենք տեղյակ են խնդիրներից, իսկ դրանց լուծման միակ տարբերակը՝ նոր մրցույթներ իրականացնելն է. «Պայմանագրերը հիմնականում կնքվում են 3-4 տարով: Եվ, եթե առաջիկայում արդեն լրանում է մրցույթների ժամկետները, բնականաբար մեքենաներն արդեն նորմալ վիճակից դեպի բասական վիճակի են անցնում, եւ իրենց փոփոխման ժամանակն է: Բողոքներ շատ ունենք, տարբեր երթուղիներից են դժգոհում: Որպեսզի քաղաքի ամբողջ ուղիները կարողանանք բարեկարգել, դրա ամենառացիոնալ տարբերակը՝ մրցույթների իրականացումն է: 2018 թվականի նոյեմբերին մի քանի երթուղիների համար կհայտարարվի նոր մրցույթ, իսկ մյուսների համար՝ 2019 թվականին»:

Նախկինում 6 համարի երթուղին սպասարկում էր մեկ ավտոբուս եւ մեկ երթուղային տաքսի՝ կես ժամը մեկ պարբերականությամբ: Սակայն արդեն մի քանի տարի է՝ ինչ-ինչ պատճառներով ավտոբուսն այլեւս չի սպասարկում, երթուղային տաքսիից էլ կարելի է օգտվել ժամը մեկ:

Մեզ հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ 6 համարի երթուղու հետ կապված առաջիկայում ուսումնասիրություն կիրականացնեն. «Կուսումնասիրենք, հանձնաժողով կընդունենք, տեսնենք ինչ տարբերակ կարող ենք օգտագործել, եւ կտեղեկացնեմ ձեզ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031