Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ ենք կառուցելու նոր ատոմակայան, ՀԷՑ-ն ու «Գազպրոմն» ի՞նչ ծախսեր են անում, ի՞նչ շահույթ ունեն. Ելքի հարցադրումները՝ ԱԺ-ում

Մարտ 21,2018 15:40

ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը:

Իսկ հարցապնդումը վերաբերվում էր ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը՝ ընկերության կողմից բնական գազի ներմուծման ծավալներ, կորուստներ, Իրանից բնական գազի ներկրման ծավալներ, շահագործման, նորոգման ծախսեր, շահույթ եւ այլն:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցապնդմամբ ուզում էին մեր էներգետիկ համակարգի պատկերը հասկանալ: Նա նշեց, որ մոտ 2-3 տարի առաջ ԱԺ-ում ասում էին, որ մեր էներգետիկ համակարգը կոլապսի մեջ է եւ հորդորեց նախարարին մեր էներգետիկ համակարգի ընդհանուր գնահատականը տալ:

Նախարարը պատասխանեց, որ այսօր ներքին սպառման կառուցվածքում մոտ 3 արտադրական հզորությունները հավասարաչափ բաշխված են. «Մենք ունենք միջուկային էներգիայի մասնաբաժին մոտ 33 տոկոս, սեփական վերականգնվող հիդրոաղբյուրներից արտադրվող հոսանքի մասնաբաժինը 33 տոկոս է, գազայինը եւս 33 տոկոս: Այսօր իրականացնում ենք մեր երկրի համար աննախադեպ՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագիր, որով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10 տոկոսով»:

Փաշինյանը հարցրեց՝ ՀՀ կառավարությունը պարծենում է, որ ՀՀ-ն ամենագազաֆիկացված պետություններից մեկն է. «Հիմա իմ ձեռքի տակ է պետական այլ գերատեսչության՝ առողջապահության նախարարության՝ այլ առիթով գրած զեկույցը, որտեղ ասվում է, որ ՀՀ գյուղական բնակության տների 72 տոկոսը բնակարանները ջեռուցում են վառելափայտով»:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա դեռեւս 2010-ին Սերժ Սարգսյանի տված խոստումից, որ ատոմակայան ենք կառուցելու:

Նախարարը պատասխանեց, որ գազաֆիկացումը եւ գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից տարբեր բաներ են, մեր երկրի գազաֆիկացումը 98 տոկոսի է հասնում, իսկ տնային տնեսություններում գազի օգտագործման կամ վառելափայտի ընտրությունը այլ հարց է:

Ինչ վերաբերում է նախագահի խոստումին՝ նախարարն ասաց. «Հայկական ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը՝ որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելուց, ախտորոշիչ աշխատանքներից մասնագետները կարող են որոշել, թե դեռ որքան ժամանակ կարող է օգտագործվել երկրորդ էներգաբլոկը: Կառուցել նոր էներգաբլոկ, երբ այսօր ունենք գործող էներգաբլոկ, որը կարող է անվտանգ օգտագործվել եւս մի քանի տարիներ, որքանով է նպատակահարմար: Միջուկային տեխնոլոգիաները, չափազանց արագ զարգանում են: Եթե սրանից 5 տարի առաջ այլընտրանք ունեինք ընդամենը 2 տարբեր տեխնոլոգիաների միջեւ, հիմա ունենք 5 այլընտրանք: Դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, ավելի անվտանգ է: Հետևաբար` կառավարության որոշումը պարզ է՝ օգտագործել երկրորդ էներգաբլոկը այնքան, որքան հուսալի եւ անվտանգ կլինի շահագործման համար եւ հետո որոշել, թե երբ պետք է կառուցվի նոր ատոմակայանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031